«Քաղաքական պայքարը պետք է տեղավորվի որևէ խաղի կանոնների մեջ»
Ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Առջևում նախագահական ընտրություններն են: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխվի ինտերնետ միջավայրում:
– Կարծում եմ, ինտերնետի և նոր մեդիայի դերն առհասարակ ընտրություններում գնալով մեծանում է, և թե առաջիկա ընտրություններում ու նաև՝ ապագայում դրա դերը ևս մեծանալու է: Փաստորեն, նոր մեդիաները դառնում են այն այլընտրանքը, որին շատ երկար սպասել է հասարակությունը: Եվ քանի որ թերթերի տպաքանակները շատ փոքր են, և հետևաբար՝ թերթի լսարանն է փոքր, ուստի դրա ազդեցությունն էլ է փոքր: Իսկ հասարակության, համենայն դեպս, այն խավը, որն ի վիճակի չէ ամեն օր թերթ գնել, չունի ինտերնետ կամ համակարգիչ գնելու հնարավորություն՝ մնում է հեռուստատեսության հույսին, և նման մարդկանց թիվը քիչ չէ: Իսկ մեր հայկական հեռուստաեթերն էլ, իհարկե, ամենևին էլ այն չէ, ինչպիսին մեր իրականությունն է:
– Այսինքն՝ այն չի արտացոլում մեր իրականությունը:
– Մեր իրականությունից հեռու բան է, և միայն հեռուստացույց դիտելով՝ հնարավոր չէ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում, համենայնդեպս, այդպիսի դիտարկում անձամբ իմ կողմից կատարվել է: Վերջերս հայկական եթերում մի քիչ փոփոխություն է տեղի ունեցել, ինչը նկատելի է, սակայն, ընդհանուր առմամբ, միայն հեռուստատեսության հույսին մնալը բավականին անհետաքրքիր է:
Իսկ որքանով որ ինտերնետը տարածվում է, և դրան զուգահեռ՝ որքանով որ նվազում է այն խավը, որը միայն հեռուստատեսություն է դիտում, այդքանով բարձրանում է ինտերնետ հրատարակությունների պահանջարկը: Անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք նկատեցինք, որ, քաղաքական ուժերն ակտիվորեն օգտագործում էին ինտերնետի, հատկապես՝ Facebook սոցցանցի հնարավորությունները՝ այդկերպ ընտրազանգվածին ներկայացնելով իրենց ծրագրերն ու իրենց մոտեցումները, կամ իրենց գնահատականները՝ տարբեր իրադարձությունների վերաբերյալ:
Կարծում եմ, այս միտումը գնալով զարգանալու է, մինչև որ հեռուստաընկերությունները գտնեն այն աշխատաձևը և վարեն այն քաղաքականությունը, որն իսկապես միտված կլինի հանրության ինֆորմացիոն պահանջների բավարարմանը և ոչ թե՝ քաղաքական պատվեր կատարելուն: Դեռևս քաղաքական պատվերը կատարվում է և, կարծում եմ, որ մեզանում լրատվամիջոցները դարձել են քաղաքական համակարգի մաս և սպասարկում են տարբեր քաղաքական ուժերի շահերը: Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ Facebook-ը բավական ակտիվորեն օգտագործվեց և օգտակար դեր խաղաց քաղաքական ուժերի համար, կարծում եմ, որ դրանից ելնելով՝ այս ընտրությունների ժամանակ նրանք բավականին ակտիվ կօգտվեն և՛ սոցցանցերից, և՛ ինտերնետ-մեդիաներից:
– Ինտերնետում ավելի ազա՞տ է, այստեղ ազդեցություն չկա՞:
– Առայժմ՝ այո, չնայած այստեղ էլ նկատվում է, թե ինչպես տարբեր քաղաքական և տնտեսական ուժեր փորձում են ազդեցություն ունենալ դրանց վրա: Հետաքրքիր առաջարկներ են անում, որից դժվար է հրաժարվել և կամաց-կամաց այս ոլորտն էլ բաժանվում է տարբեր ճամբարների, սակայն առայժմ ինտերնետն ավելի ազատ է, քան, օրինակ, հեռուստատեսային ոլորտը:
– Ի՞նչ եք կարծում, առաջիկա նախագահական ընտրություններին հնարավո՞ր է, այսպես ասած, «ռուբիլնիկը» անջատեն, և մենք բոլորս զրկվենք ինտերնետից:
– «Ռուբիլնիկն» անջատելն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ռեժիմի աշխատաոճն է, որովհետև եթերազրկվեց, օրինակ՝ A1+-ը: Իսկ 2008թ.-ի ընտրություններից հետո, այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակ հայտարարվեց, երբ բազմաթիվ կայքեր ուղղակի չկարողացան գործել, այդ ժամանակ ձեր ասած «ռուբիլնիկն» էր անջատված, և, փաստորեն, գրաքննություն էր մտցված: Ես կարծում եմ, որ հիմա նմանատիպ կոպիտ-կոշտ քայլերի պետք է որ չդիմեն:
Այսօր իշխանությունները մի քիչ, այսպես ասած, այլընտրանքային գործելակերպ են որդեգրել՝ ավելի շատացնելով իրենց սատարող լրատվամիջոցների քանակը, նրանք փորձում են այդպիսով ավելի շատ ինֆորմացիա տալ, քան իրենց ընդդիախոսները կամ քննադատողները կարող են տրամադրել հանրությանը: Ավելացնում են իրենց սատարող լրատվամիջոցների քանակը և դրանով իսկ դիմակայում են իրենց ընդդիմախոսներին և քննադատողներին:
– Առաջիկա ընտրական գործընթացներում ինտերնետ տարածքում ընդդիմություն-իշխանություն հաքերային ներքին պայքար կլինի՞:
– Անկեղծ ասած, ես միշտ դեմ եմ եղել նմանատիպ պայքարներին, սակայն կարծում եմ, որ ներկայումս իսկապես հենց այդ տիպի պայքարն է, չգիտես՝ ինչո՞ւ, դառնում մոդայիկ: Համոզված եմ, որ դրա վերջը պետք է տալ: Կարծում եմ, քաղաքական ուժերը միմյանց հետ պետք է համաձայնության գան այն մասին, որ կան խաղի կանոններ, որոնք արգելվում է խախտել, և նշված պայքարի ձևն իսկապես այդ արգելքների մեջ պետք է մտնի: Դա անընդունելի պայքարի ձև է, քաղաքական պայքարը և այլ ոլորտի պայքարը պետք է տեղավորվի որևէ խաղի կանոնների մեջ:
– Այսինքն՝ ավելի շատ պայքարը կտեղափոխվի լրատվամիջոցների միջև պայքարի, քան քաղաքական ուժերի՞ միջև:
– Կարծում եմ, ավելի շատ այդպես պետք է լինի: Չնայած մեր երկրում առայժմ ես ոչինչ չեմ բացառում: Որովհետև մենք բոլորս տարբեր ընտրությունների ժամանակ տարբեր խաղի կանոնների կոպտագույն խախտումների ականատես ենք եղել, և, երբ նույնիսկ համաձայնության են գալիս ինչ-որ կանոնների շուրջ, գալիս է մի պահ, երբ ամեն ինչը փլուզվում է, և ոչ մի խաղի կանոն չի պահպանվում: Մենք բոլորս ականատես ենք եղել նմանատիպ երևույթների: Ես ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ, որ դա պետք է լինի ավելի քաղաքակիրթ պայքար: