Բաժիններ՝

Նաիրա Նահապետյան. «Փոքր ՀԷԿ-երի ոլորտը յուրահատուկ է իր առանձնահատկություններով»

ՀՀ Փոքր ՀԷԿերի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը և Banks.am պորտալին

Վերջին 8 տարվա ընթացքում գերմանական KfW բանկը Հայաստանի փոքր ՀԷԿերին է ուղղել 64 մլն եվրոյի վարկային միջոցներ: Հատկանշական է, որ վերջերս տրամադրած  40 մլնը գրեթե 2 անգամ գերազանցել է նախորդ երկու  մասնաբաժիններով տրամադրած ծավալները: Ինչո՞վ կբացատրեք ֆինանսավորման ծավալների նման սրընթաց աճը

– Ինչպես հայտնի է, ֆինանսավորումն իրականացվում  է գերմանական KFW բանկի  և ՀՀ Կենտրոնական բանկի միջև  կնքվող «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի փուլային պայմանագրերով` Գերմանիայի Դաշնային  Հանրապետության Տնտեսական  համագործակցության ու զարգացման  նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության  միջև կնքված «Ֆինանսական  համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

Վարկային ծրագիրը մեկնարկեց 2004 թ. նոյեմբերին: Այն ժամանակ Գերմանահայկական հիմնադրամի կողմից Հայաստանին  տրամադրվեց վարկային  միջոցների առաջին մասնաբաժինը՝ 6 մլն  եվրո և ևս  1.5 մլն դրամաշնորհի տեսքով:  Հայաստանյան 6 առևտրային բանկեր վարկավորվեցին 8 նոր կառուցվող և 6 գործող ՀԷԿ-եր՝ 7 տարի մարման ժամկետով և մինչև 10.5% տարեկան տոկոսադրույքով:

Սակայն, հաշվի առնելով, որ էներգետիկայի ոլորտում ներդրումների ետ վերադարձը   ակնկալվում է 10 և ավելի տարիների կտրվածքով, Գերմանահայկական հիմնադրամը վերանայեց տրամադրվող վարկի մարման ժամկետները: Արդյունքում երկրորդ մասնաբաժինը  2010 թ. մայիսին տրամադրվեց 12 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ պայմաններով:  Երկրորդ փուլով Հայաստանի փոքր ՀԷԿ-երին ուղղվեցին 18 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ:

Բնականաբար, սա նպաստեց վերականգնվող էներգետիկայի զարգացմանը մեր երկրում: Սակայն, երկրորդ մասնաբաժնի շրջանակներում  հասցրեցին վարկավորվել ընդամենը 4 գործող և 16 նոր կառուցվող ՀԷԿ-եր: Վերանայված  պայմաններով տրամադրվող վարկը հետաքրքրել էր շատերին՝  և՛ Հայաստանյան  առևտրային բանկերին (վարկավորողները 6-ից  դարձան  14), և՛ գործող ՀԷԿ-երին, որոնք վերազինման կարիք  ունեին, և ՛ նոր կառուցվողներին: Ելնելով  Գերմանահայկական հիմնադրամին դիմող հայտատուների քանակից, վերանայվեց վարկային ծրագրի երրորդ մասնաբաժինը և այն կազմեց արդեն 40 մլն եվրո:

Այս միջոցները ևս  կնպատակաուղղվեն ՀՀ-ում  էներգետիկ  համակարգի  զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային  ստանդարտներին մոտ  նոր կառուցվող էկոլոգիապես մաքուր փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

Ժամանակին Դուք կարծիք էիք հայտնել, որ հայաստանյան բանկային համակարգը  հաշվի չի առնում փոքր ՀԷԿերի առանձնահատկություններ և, «ըստ էության, չի աշխատում ոլորտի հետ»: Ինչպիսի՞ն է այսօր Ձեր կարծիքը, մասնավորապես, որքանո՞վ է գերմանական կողմի հետ իրագործվող վարկային ծրագիրը ծածկում եղած պահանջարկը

– Հայաստանյան բանկերը տրամադրում էին կարճաժամկետ վարկեր, այն էլ բարձր տոկոսադրույքներով: Գերմանահայկական հիմնադրամի կողմից տրամադրվող վարկերը, իհարկե՝ վերանայված տարբերակով, խթանեցին ոլորտի զարգացումը:

Եթե 2004թ. Հայաստանում կային ընդամենը 29 գործող և 11 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր, ապա մինչև տարեվերջ կունենանք 136 գործող և 67 նոր կառուցվող փոքր ՀԷԿ-եր: Այլ կերպ ասած, եթե 2004թ. հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում էր 112մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա, ապա այսօր այն կազմում է 675մլն կՎՏ/ժ, որն էլ կազմում է հանրապետությունում սպառվող  էլեկտրաէներգիայի  ծավալի 9%: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

Վարկային ծրագրով նախապատվությունը տրվում է նո՞ր կառուցվող ՀԷԿերի ֆինանսավորմանը, թե՞  գործող ընկերությունների վերազինման ծախսերը հոգալու համար: Այս առումով ինչպիսի՞ն է պատկերը  ծրագրի առաջին երկու փուլերի արդյունքներով և ի՞նչ ակնկալիքներ կան երրորդ փուլից

– Նախապատվություն ասելն այնքան էլ ճիշտ չէ: Եվ նոր կառուցվողները, և արդեն գործողները Գերմանահայկական հիմնադրամի տեխնիկական և ֆինանսական խորհրդատուներին են ներկայացնում պահանջվող փաստաթղթերի փաթեթները և  վերջիններիս դրական եզրակացության հիման վրա հայաստանյան առևտրային  բանկերի կողմից տրամադրվում են վարկերը:

Նախատեսվում է մինչև 2025 թվականը փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման ծավալները հասցնել 25-30%, որի իրագործմանն էլ կնպաստի նաև տրամադրված 40 մլն եվրո վարկը:

Ի՞նչպիսին են Ձեր կողմից ղեկավարվող Միության հարաբերությունները բնապահպանական կազմակերպությունների հետ

– Կարծում եմ, նորմալ: Գործող ՀԷԿ-երը իրենց կողմից որևէ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում, այսինքն` վնասակար արտանետումներ չունեն, ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջուրը քանակական և որակական փոփոխության չի ենթարկվում: Վերջերս շրջանառվող այն թյուր  կարծիքը, որ ՀԷԿ-երը կառուցվում են առուների վրա և դրանք ամբողջությամբ ցամաքում են, չի համապատասխանում իրականությանը: ՀԷԿ-երը կառուցվում են ջրային երեք ռեսուրսների վրա՝ ոռոգման համակարգեր, խմելու ջրատարեր և բնական ջրահոսքեր (գետեր), այս դեպքում պարտադիր կարգով բնապահպանության նախարարության և ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաշվարկվում  և նախատեսվում են բնապահպանական թողքեր: Չեմ բացառում, մասնավոր դեպքերում կարող են լինել  ինչպես նախագծային, այնպես էլ բնապահպանական խախտումներ, սակայն դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են: Սակայն այս մասնավոր դեպքերը չի կարելի տարածել ողջ ոլորտի  վրա և խեղաթյուրել  իրականությունը:

Այսօր Հայաստանում պետք է զարգացնել  վերականգնվող  էներգետիկան, մասնավորապես, փոքր  ՀԷԿ-երը: Հայաստանի բնական դիրքը և ջրային ռեսուրսները մեզ տալիս են այդ հնարավորությունը, ինչու չէ, ուրիշ երկրներ նավթ են արտահանում, մենք էլ փորձենք էլեկտրաէներգիա արտահանել:

–  Տիկին Նահապետյան, Դուք ևս հանդիսանում եք ՀԷԿի սեփականատեր՝ սա շահութաբե՞ր բիզնես է: Արդյո՞ք այստեղ կան առանձնահատկություններ, որոնք դժվար է գտնել այլ բիզնես ոլորտում

– Այս ոլորտը յուրահատուկ է հենց իր առանձնահատկություններով: Շահույթի կանխատեսումը հարաբերական է, քանի որ ներդրումների ետ վերադարձը տևում է 10 և ավել տարիներ, ինչպես նաև կան մի շարք գործոններ՝ բնակլիմայական պայմանները, այսինքն` տարին սակավաջուր է, թե ջրառատ, հաջորդը՝ սակագինը, որը հաշվարկվում է ՀՀ  հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի կողմից՝  իր մեջ ներառելով նաև շահույթը, երրորդը՝ մրցակցային դաշտի բացակայությունը: Ոլորտը բացարձակ  թափանցիկ է, իսկ շահույթ ակնկալելու համար պետք է լինել համբերատար, համառ և ունենալ երկաթյա կամք:

Նաիրա Նահապետյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս