Բաժիններ՝

Հայ գիտնականներն ուսումնասիրում են հայկական գենոմը

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայերի գենոմի ուսումնասիրության հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվում:

Այսօր աշխարհում նման աշխատանքները շատ են կարևորվում, քանի որ դրանք դիտարկվում են ոչ միայն որպես զուտ հիմնարար գիտելիք, այլ նաև կիրառական տեսանկյունից` մարդու օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն պրոֆ. Աննա Բոյաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ինչպես հայտնի է, հիվանդություններ ժառանգելու հավանականությունը զգալիորեն պայմանավորված է ազգային պատկանելությամբ, ինչի հիմքում ընկած են մարդկանց միջև եղած գենետիկական տարբերությունները:

«Տվյալ հիվանդության ձեռքբերման հավանականությունը կարող է տարբեր լինել անգամ նույն ազգությանը կամ պոպուլյացիային պատկանող մարդկանց մոտ` գենետիկական գործոնով պայմանավորված: Օրինակ, հայերիս բնորոշ է մի խումբ հիվանդությունների զարգացման բարձր նախատրամադրվածությունը, մինչդեռ չինացիների կամ անգլիացիների մոտ դրանք կարող են ընդհանրապես չդրսևորվել»,- ասաց Ա. Բոյաջյանը` նշելով, որ նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պարզելու, թե ինչ ուղղությամբ է անհրաժեշտ զարգացնել հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման հետ կապված մշակումները:

«Այսօր հաճախ ենք հանդիպում արտահայտությունների, որ բժիշկները ճիշտ չախտորոշեցին հիվանդությունը, կամ այսինչ դեղը չօգնեցգ այդ ամենը շատ դեպքերում պայմանավորված է հենց ազգային պատկանելությամբ և դրա հետ կապված գենետիկական առանձնահատկություններով»,- ասաց նա: Ըստ գիտնականի` դեղերի արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է ազգային պատկանելությամբ, այսպես, որևէ դեղ, օրինակ, չինացու համար կարող է 100%-անոց արդյունավետություն ապահովել, իսկ հային` ընդհանրապես որևէ օգուտ չտալ: Դա է հիմնական պատճառը, որ ներկայումս այս կարգի հետազոտությունները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում, հատկապես 2003-ից սկսած, երբ ավարտվեց համաշխարհային Մարդու գենոմ նախագիծը (Human genome project) և հայտնի դարձավ մարդու գենոմի հաջորդականությունը:

Կարդացեք նաև

Տարբեր հիվանդությունների բուժման և, մասնավորապես, անհատական բժշկության ներդրման համար չափազանց կարևոր են մարդու գենոմի առանձնահատկությունները` կախված ազգային, պոպուլյացիոն պատկանելությունից և պաթոլոգիական վիճակից: «Մենք ներկայումս զբաղվում ենք հայկական գենոմի ուսումնասիրությամբ ինստիտուտում առկա ռեսուրսների միջոցով, սակայն չունենք նմանատիպ հետազոտությունների համար խիստ անհրաժեշտ մի սարք` սեկվենատոր (DNA sequencer): Ցավում եմ, որ Հայաստանի գիտնականները մինչ օրս չունեն այդ սարքից օգտվելու հնարավորություն»,- ասաց Ա. Բոյաջյանը` նշելով, որ իրենք, իհարկե, շարունակում են իրականացնել հայկական գենոմի ուսումնասիրություններ, սակայն ժամանակատար մեթոդների կիրառմամբ` բարձր արդյունավետությամբ օժտված սարքի բացակայության պատճառով:

«Նմանատիպ սարքավորումների գները հասնում են հազարավոր դոլարների, և այդ պատճառով դրանք անհնար է ձեռք բերել որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հասկանում եմ, որ պետության համար ևս դժվար է ձեռք բերել նման թանկարժեք սարքավորումներ բնագավառին առնչվող բոլոր ինստիտուտների համար, այդ պատճառով կարծում եմ, որ կարելի է ստեղծել սարքավորումների պարկ, որից հետազոտական նպատակներով կարողանան անվճար օգտվել տարբեր ինստիտուտների գիտնականները»,- ասաց Ա. Բոյաջյանը` ավելացնելով, որ այս ամենը հնարավորություն կտա հայ գիտնականներին ստանալ մեր երկրի համար կարևոր բազմաթիվ առողջապահական խնդիրների լուծումներ սեղմ ժամկետներում:

Ա. Բոյաջյանի խոսքով` ցավալի կլինի, եթե ՀՀ-ում, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում առկա մարդկային ռեսուրսների և գենոմի երկար տարիների ուսումնասիրություններից հետո մենք հետ մնանք հարևան պետություններից այս ոլորտի ցուցանիշներով: «Ափսոս է ունեցած ռեսուրսները չներդնել հայկական գենոմի լայնածավալ ուսումնասիրության մեջ»,- ասաց Ա. Բոյաջյանը` ցուցադրելով հայկական գենոմի ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների բազմաթիվ հրապարակումները միջազգային տարբեր հայտնի ամսագրերում:

«Բացի այդ, մենք արդեն իսկ հեղինակներ ենք միջազգային մեծ ճանաչում ունեցող Nova Publsihers հրատարակչության կողմից լույս տեսած 2 գրքերի, իսկ այս տարի եվրոպական հայտնի «Springer» հրատարակչության կողմից գիրք տպագրելու հրավեր ենք ստացել: Այս հրապարակումները նվիրված են այնպիսի պոլիգենային հիվանդությունների ուսումնասիրություններին, ինչպիսիք են իշեմիկ կաթվածը, շիզոֆրենիան և հետվնասվածքային սթրես համախտանիշը:

Վերջինս պարզապես սթրես չէ, այլ հոգեկան հիվանդություն է, որը հանդիպում է պատերազմի մասնակիցների շրջանում, որն ուղեկցվում է սուր վախի զգացումով, կամ այն դեպքում, երբ տվյալ մարդն ականատես է լինում զանգվածային սպանության դեպքերի, մահվան, դաժան տեսարանների, և այլն: Հայաստանում այդ հիվանդության ուսումնասիրությունը շատ կարևոր է, որովհետև մեր ազգը տեսել է ցեղասպանություն, պատերազմ, երկրաշարժ: Նույնիսկ պարտադիր չէ անձամբ ականատես լինել նման պատահարի: Այսպես, հաճախ հետվնասվածքային սթրես համախտանիշը հանդիպում է ցեղասպանության ականատեսների ժառանգների մոտ:

Բացի այդ, մեզ մոտ կան հիվանդության այլ թիրախային խմբեր, դրանք են` Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, երկրաշարժի ականատեսները և փախստականները: Այս բնագավառում մենք բավական հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել, որոնք հնարավորություն են տվել պարզաբանել որոշ հիվանդությունների առաջացման պատճառները մոլեկուլային մակարդակով»,- ասաց Ա. Բոյաջյանը:

Այդ ուսումնասիրություններն արժեքավոր են հատկապես այն պատճառով, որ կարող են հիմք հանդիսանալ տարբեր հիվանդությունների, մասնավորապես, հետվնասվածքային սթրես համախտանիշի բուժման արդյունավետ միջոցների մշակման համար: Հարց է ծագում, թե որքանո՞վ են հայաստանյան դեղագործական ընկերությունները, առողջապահական հիմնարկությունները և պետական կառույցները հետաքրքրված հայ գիտնականների այս խմբի կատարած աշխատանքներով:

«Ցավն այն է, որ Հայաստանում դեռևս չկա գիտատար արտադրություն, իսկ մեր տեխնոլոգիաները հիմնականում բերված են դրսից: Տեղում այս ոլորտի զարգացման համար նախ և առաջ ժամանակ է անհրաժեշտ: Այն ժամանակ, երբ մեր երկրում կզարգանան գիտատար արտադրությունները, կառաջանա նաև պահանջարկ»,- ասաց Ա. Բոյաջյանը` նշելով, սակայն, որ ներկայումս արտերկրում, օրինակ` ԱՄՆ-ում, համալսարանների և գիտական կենտրոնների ամենամյա զեկույցներն ու հաշվետվությունները շատ հաճախ լուրջ արձագանք են գտնում և վերածվում գիտական արտադրանքի:

Նույնիսկ այդ արտադրողներն իրենք են դիմում համալսարաններին` ուսումնասիրությունների լիզենցիան ձեռք բերելու նպատակով: Նմանատիպ փոխշահավետ համագործակցությունը նորանոր խոշոր դրամաշնորհներ ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում: «Ցավոք, Հայաստանում դեռևս այսպիսի հետաքրքրություն չկա գործարարների կողմից գիտական ոլորտի արդյունքների հանդեպ»,- ասում է նա:

Արդյոք հայ գիտնականներին չի՞ մտահոգում, որ իրենց աշխատանքները կարող են պարզապես վերցվել այլ ընկերությունների կողմից և օգտագործվել առանց հեղինակային իրավունքի: «Ի վերջո, ես գիտնական եմ, իսկ գիտնականի համար կարևոր է հրատարակվելը: Չհրատարակվելու դեպքում վաղը, հնարավոր է, դա անի մեկ ուրիշը, և, այդպիսով, մեր կատարած ողջ աշխատանքը ջուրը կընկնի»,- պատասխանեց Ա. Բոյաջյանը` ավելացնելով, որ հրապարակելու դեպքում է միայն, որ հայ գիտնականը և ՀՀ-ում կատարվող հետազոտությունները կարող են ստանալ միջազգային ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս