«Սա անարգանք է մայր բուհին՝ Երևանի պետական համալսարանին». ՀԱԿ

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։ Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու եւ օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի և հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։

Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որեւէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։ Ավելին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց Մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽ ԽՎ բանաձևերում ևմիջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ եւ ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլեւ միջազգային ճնշումների շնորհիվ։

Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։ Ուստիև՝ նրանք իրավացիորեն մեղադրվում են պատմական փաստերն աղավաղելու, պատմությունը կեղծելու մեջ։ Եվ քանի որ սույն դասագիրքը մինչեւ հրապարակվելը մի քանի խմբագրական «ֆիլտրեր» է անցել համալսարանում և նախարարությունում, կեղծարարության մեջ իրավացիորեն մեղադրվում են դասագրքի հիշյալ հատվածի շարադրող հեղինակից սկսած՝ մինչև ԵՊՀ ռեկտորը և կրթության ու գիտության նախարարը։

Ամոթալի այս կեղծիքի իրական հեղինակը գործող ռեժիմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է։ Մյուսները՝ շարադրանքի հեղինակից սկսած՝ մինչև նախարար, կեղծիքի իրականացման միջոցները, գործիքներն են։ Մի ռեժիմ, որը հիմնովին կեղծում է ընտրությունները, ապավինում կես միլիոնից ավելի կեղծ անձնագրերի, անցկացնում կեղծ մրցույթներ, հրապարակում կեղծ թվեր, իհարկե, պետք է շտապի կեղծել նաև պատմությունը։

Սա շատ մեծ գործնական նշանակություն ունի ռեժիմի համար, եթե նկատի ունենանք, որ Հայ ժողովրդի պատմությունը, որպես առարկա, դասավանդվում է բոլոր բուհերում։ Կեղծիքը կատարվել է հատկապես այն դասագրքում, որը հանձնարարվելու, որով քննություն են հանձնելու 16-18 տարեկան բոլոր նրաք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանալու որեւէ մասնագիտությամբ՝ տարեկան ավելի քան 20.000 երիտասարդ։

Սա հանցագործություն է։ Սա անարգանք է մայր բուհին՝ Երևանի պետական համալսարանին։ Սա հանցանք է երիտասարդ սերնդի նկատմամբ։

Վերջին առնվազն 10 տարին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, ընդհանրապես չպետք է մտնի պատմության դասագիրք. այն քաղաքականության ոլորտ է՝ իր սկսված ու դեռ չավարտված քաղաքական գործընթացներով։ Այնպես որ՝ ուրիշներին խնդիրը քաղաքականացնելու մեջ մեղադրողները, պատմության մեջ մտցնելով այդ շրջանը՝ իրենք են քաղաքականացրել դասագիրքը՝ այն դարձնելով հօգուտ իշխանության՝ քաղաքական պրոպագանդայի ձեռնարկ, որով կեղծիքը քարոզվելու, պարտադրվելու է տարեկան առնվազն 20.000 ուսանողի։ Սրանով Հայ ժողովրդի պատմություն դասավանդող դասախոսներին անարգ դեր է պարտադրվում. իրականությունը կեղծելով՝ քարոզել հօգուտ ռեժիմի զուտ քաղաքական այն հարցերում, որոնցում ինքը պարտվել է եւ ասելիք չունի այլևս ։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին»։

Տեսանյութեր

Լրահոս