Բաժիններ՝

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը պատրաստ է իր կազմում ընդգրկել Հայաստանը

Նոյեմբերի 27-29-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հրավիրվել էր՝ մասնակցելու Դուբայում Համաշխարհային մրցունակության գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, գագաթաժողովի շրջանակներում շուրջ 20 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարները քննարկել են ազգային մրցունակության զարգացման հեռանկարները նորարարական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության նախագահ, Ամերիկայի բանկի խորհրդի նախագահ Չարլս Հոլիդեյի, ԱՄՆ մրցունակության խորհրդի նախագահ Դեբորա Ուինց-Սմիթի, Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսի, Կորեայի ազգային մրցունակության նախագահական խորհրդի նախագահ, նախարար Թի-Շեն Քուանի, Իռլանդիայի կառավարության մրցունակության խորհրդի գործադիր տնօրեն Մարտին Շանահանի, Ղազախստանի մրցունակության խորհրդի նախագահ Էլդար Աբդրազակովի, գլոբալ ներդրողների ու դոնորների, ինչպես նաև Դուբայի կառավարության բարձրաստիճան ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀԱՄՀ պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով իրականացվող առողջապահության, զբոսաշրջության և կրթության ծրագրերը ներդրումային խթանման և համագործակցության ծավալման նպատակով, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռքբերվել փոխադարձ կապերի ընդլայնման վերաբերյալ:

Հաշվի առնելով ՀԱՄՀ գործունեության ձևաչափը և թիրախային ոլորտները՝ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը պատրաստակամություն է հայտնել իր կազմում ընդգրկել Հայաստանը, ի դեմս ՀԱՄՀ-ի:

Ըստ այդմ՝ նախատեսվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը առաջիկա ամիսների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս