Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 53.8%-ով
Մինչ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Doing Business զեկույցում արձանագրված առաջընթացից և մասնակցել տարբեր համաժողովների, ներդրումների վիճակը գնալով վատանում է։ Այդ մասին վկայում է Ազգային վիճակագրության ծառայության վերջին զեկույցը։
Այսպես, ԱՎԾ-ի կողմից այսօր հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-հոկտեմբերին» զեկույցի համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 35.2%-ով, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 53.8%-ով։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 391մլն դոլար (2011թ. նույն ժամանակահատվածում՝ 603.5 մլն դոլար), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 479.4 միլիոնից նվազել է՝ մինչև 221.2 միլիոն դոլար։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 53.6 միլիոն։ Սա՝ այն դեպքում, երբ ռուսական կապիտալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներդրել էր 267.3 միլիոն դոլար։
Ավելացնենք նաև, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների 34.13%-ն ուղղվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին, 22.23%-ը՝ հեռահաղորդակցությանը: