Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Երևանում է (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են Համատեղ հայտարարություն:

Ստորագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր»:

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

***

Համատեղ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2012թ. նոյեմբերի 29-30-ը կայացավ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Բարեկամության, փոխադարձ վստահության և լիակատար փոխըմբռնման մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները, կարծիքներ փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային քաղաքականության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:

Նախագահները քննարկեցին ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների և ստորագրված երկկողմ փաստաթղթերի կատարման ընթացքը, ընդգծեցին միջպետական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան` հիմնված իրավահավասարության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու սկզբունքների վրա:

Կողմերը վերստին հաստատեցին, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ստեղծել են ամուր հիմք քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:

Միջազգային արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս, Նախագահները հաստատեցին համաշխարհային քաղաքականության առավել կարևոր հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնելը, ինչպես նաև ընդգծեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի երկուստեք ձգտումն աջակցելու տարածաշրջանային և միջազգային մասշտաբներում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Այս համատեքստում պետությունների ղեկավարներն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում և առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպությունում երկու երկրների ջանքերի և փոխգործակցության համակարգման անհրաժեշտությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունեցին համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն այնպիսի անդրսահմանային վտանգների դեմ պայքարում, ինչպիսիք են` ահաբեկչությունը, կրոնական ծայրահեղականությունը, կազմակերպված հանցավորությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունները խթանելու, համագործակցության տարբեր ձևերի զարգացման, համագործակցության հեռանկարային ուղղությունների որոնման, երկկողմ քաղաքական խորհրդատվությունների փորձառության կատարելագործման անհրաժեշտությունը:
Քննարկելով առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերը` Նախագահները նշեցին այդ ոլորտում փոխգործակցության կարևորությունը և հավասարության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա երկու պետությունների միջև տնտեսական գործակցության ամրապնդման և ընդլայնման գերակայությունը:

Այդ կապակցությամբ Նախագահները հաստատեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և նշեցին երկու երկրների առկա ներուժի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման նպատակով:

Կանգ առնելով տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական փոխգործակցության կարևորագույն գերակայությունների վրա` երկու երկրների Նախագահները դրանց թվում նշեցին էներգետիկան, տրանսպորտը, տեքստիլ արդյունաբերությունը և առևտուրը: Ընդգծվեց նաև գյուղատնտեսության և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական մշակման ոլորտներում առավել սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:

Նախագահները պատրաստակամություն հայտնեցին փոխադարձաբար Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում անցկացնել երկու պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ցուցահանդեսներ, բիզնես-համաժողովներ և այլ միջոցառումներ:

Պետությունների ղեկավարները, նշելով հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրությունը, հաստատեցին կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Կողմերը երկուստեք շահագրգռվածություն արտահայտեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ տարբեր մակարդակներում մշտական հիմունքով խորհրդատվությունների անցկացման առնչությամբ:

Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծեցին, որ կայացած կառուցողական և արդյունավետ բանակցությունները, ինչպես նաև այցի ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդմանը:

Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին` իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալման համար և Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրեց պաշտոնական այցով Թուրքմենստան` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց գոհունակությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:

ՀՀ նախագահի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս