Բնապահպանների պատասխանը նախարարությանը. Մենք մեր կարծիքն ասել ենք. արգելոցի ֆինանսավորումը դադարեցված է
Երեկ «Վայրի բնության համաշխարհային հիմանդրամի» ու «Կովկասի բնության հիմնադրամի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը:
Պատճառն այն էր, որ «Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը, ըստ նրանց, չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի: «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարել էր, որ հիմնադրամը նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթը և նոր մրցույթ հայտարարել:
Սակայն երեկ այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունը, որում վորոնշյալ կազմակերպություններին մեղադրում էին նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ. «Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության այս հայտարարության, 168.am-ի հետ զրույցում «Վայրի բնության հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, իսկ դրանում ոչ մի վատ բան չկա, որ մարդ հայտնի իր կարծիքը, մանավանդ այն կազմակերպությունը, որ բավական մեծ գումարներ և միջոցներ է դրել»:
Նա նաև հավելեց. «Մենք կանգնեցրել ենք «Խոսրովի արգելոցում» աշխատանքները: Մենք նախկինում բավական ներդրումներ էինք անում և մենք մտահոգված ենք, որ մեր ներդրումները կարող են ոչ նպատակային օգտագործվել: Ամենակարևորը համապատասխան փորձ ու կրթություն ունեցող մարդ պետք է լինի: Ինձ թվում է` կան նման մարդիկ»:
Իսկ «Կովկասի բնության հիմնադրամի» համակարգող Արման Վերմիշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Առանձնապես չենք ցանկանում մեկնաբանել` ինչ են գրել: Մենք մեր կարծիքն արդեն հայտնել ենք, և ավելացնելու բան չունենք: Ուղղակի մի խորհուրդ կտամ գրողներին. ուշադիր կարդան նամակը և տեսնեն, թե ով է ստորագրել, ինչ մակարդակով է ստորագրված, որպեսզի իրենց մոտ այդ «գործակալ» և այլ հարցերը միանգամից դուրս գան:
Բոլորս` CNF-ի («Կովկասի բնության հիմանդրամ») աշխատակիցներս, հավասարաչափ պատասխանատուն ենք մեր հայտարարությունների համար սկսած տնօրենից, վերջացրած աշխատողներով, և բնականաբար հավասարաչափ պատասխանատվություն ենք կրում CNF-ի կատարած հայտարարությունների համար: Այնպես որ՝ ուղղակի իմաստ չունի ինչ-որ այլ բաներ փնտրել:
Մենք մեր կարծիքն արդեն ասել ենք և նորից ուզում ենք հաստատել, որ արգելոցի ֆինանսավորումը դադարեցված է մինչև չլինեն համապատասխան փոփոխություններ»: