Բաքուն Երևանին կոչ է անում հրաժարվել «ոչ մի թիզ հող» սկզբունքից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար։ Այս մասին, «Ազատություն» ռադիոակայանի փոխանցմամբ՝ երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Ցավոք, համանախագահների Երևան կատարած վերջին այցերի արդյունքները հիմք չեն տալիս խոսելու դրական տոների մասին։ Երևանը պետք է հրաժարվի «ոչ մի թիզ հող, ոչ մի քայլ ետ» սկզբունքից։ Ստատուս քվոն պետք է փոխվի։ Հակամարտության կարգավորված չլինելը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման անցանկալի հունով», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքերով` հակամարտության կարգավորման առաջարկները «արդեն բոլորին լավ հայտնի են եւ հաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից»։
Իսկ Ադրբեջանը, հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մնում է նախկին դիրքորոշմանը, ըստ որի` «խաղաղ գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերում»։
Մամեդյարովի խոսքով` «եթե հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է համանախագահների առաջարկները` հաստատված պետությունների ղեկավարների Ակվիլայի հայտարարությամբ, ապա եկել է խաղաղ համաձայնագիրը ստորագրելու ժամանակը»։
Վստահեցնելով, թե Ադրբեջանը պատրաստ է աշխատել նման համաձայնագրի վրա, երկրի արտգործնախարարը ամփոփել է. «Անհրաժեշտ է սկսել հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից, ինչին կհաջորդեն բանակցությունները մնացյալ բոլոր կետերի շուրջ»։