Դատարանը կդիմի ՀՀ ոստիկանապետին

Դատական շրջապտույտից հետո նորից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան վերադարձված ու քննվող (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ Արմեն Տեր-Մինասյանի դեմ գործով այսօրվա նիստը հետաձգվեց վկա Ռոբերտ Լաիշյանի բացակայության պատճառով: Վերջինս, ըստ գործի տվյալների, կաշառատու անձն է: Դատարանը գտավ, որ նրա բացակայության պայմաններում հնարավոր չէ շարունակել դատաքննությունը, ուստի որոշեց դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պարզելու նրա գտնվելու վայրը, նաև՝ ստուգելու տեղեկությունն առ այն, թե վկան գտնվում է Վրաստանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ըստ մեղադրանքի, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Նույն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.206.030 ՀՀ դրամ գումարից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա. Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն` բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ. Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս