Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա մեկ զոհ չորս վիրավոր. մահացածն ու վիրավորները ոստիկաններ են (լուսանկարներ)

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում «Վազ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել հսկայական ծառին և մոտ 20 մետր գլորվել ձորակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը և Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ երկու մարտական հաշվարկով:

Այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները վթարի վայրում քննչական գործողություններ են կատարում: Ձեռնարկվում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վարորդի, մահացած և վիրավոր անձանց ինքնությունները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, մահացածը և վիրավորները աշխատում են Ոստիկանության պահպանության վարչության Շենգավիթի բաժնում և նրանք վերադառնալիս են եղել Գեղարքունիքի մարզում թաղման արարողությունից:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս