Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածուի շտաբերի թիվը խախտում չէ. Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանի կողմից այդ ընտրատարածքում տեղի ունեցող անօրինականությունների առկայությունը:

Հիշեցնենք, որ Ս. Սաֆարյանը դիմել էր թիվ 1 ԸԸՀ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Ստեփան Սաֆարյանը հայտարարել է նաև, որ ընտրացուցակները ուռճացված են, այնտեղ ընդգրկված են երկրից բացակայող, մահացած անձինք, մեկ բնակարանի վրա գրանցված են 50, 70 անձ և կան այլ խախտումներ:

«Ինչ վերաբերում է ցուցակների ուռճացված լինելու վերաբերյալ վերջինիս նկատառումներին, ապա եթե իրականում նման դեպքեր կան, ինքը փաստում է, ես իր հայտարարությանն եմ սոսկ ծանոթ, որ ցուցակներում կան մարդիկ, որոնք չգիտեմ` բացակայում են, մահացած են և այլն: Յուրաքանչյուրի պարագայում օրենսդրությունը յուրաքանչյուրի համար նախատեսում է որոշակի լուծումներ, և եթե ինքը հայտնաբերել է, որ կան մադիկ, որոնք, իր կարծիքով, ընտրական ցուցակում հայտնվել են ընտրական օրենսգրքին անհամապատասխան, ապա վերջինս ունի իրավունք իր դիմումը սահմանված կարգով ներկայացնելու լիազոր մարմնին, որի կողմից էլ դիմումի քննության ընթացքում, եթե հայտնաբերվեն, որ կան նման խախտումներ, կճշտվեն»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Մուկուչյանը:

Նաև հավելել է. «Փորձել ենք օպերատիվ կարգով ուսումնասիրել, հասկանալ` առկա՞ են արդյոք նման թերություններ, թե ոչ: Համենայնդեպս, այն, ինչը մեր կողմից է ուսումնասիրվել, նման փաստեր չեն արձանագրվել»:

Հարցին` իսկ ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 35-ից ավել շտաբեր ունենալու մասին տեղյակ չէ՞ ԿԸՀ-ն, և չէ՞ որ օրենքով արգելվում է, որ  ընտրական շտաբերի թիվը գերազանցի ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, Մուկուչյանը պատասխանել է.

«Շտաբերի քանակի հետ կապված` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, տվյալ պարագայում թեկնածուի ներկայացրած դատողությունները, որ շտաբերի թիվը պետք է համապատասխանի տեղամասերի քանակին, դրանք շատ կամայական մեկնաբանության արդյունք են, նման սահմանափակում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում»:

Տեսանյութեր

Լրահոս