«Աշտարակ-Կաթ»-ը՝ վրացական շուկայում
Թբիլիսի քաղաքի սննդի շուրջ 150 խոշոր, միջին և փոքր վաճառակետերի ղեկավարներ և աշխատակիցներ ներկա են գտնվել օրերս «Աշտարակ-Կաթ» ընկերության կազմակերպած շնորհանդեսին:
Ինչպես նշում է Մեդիամաքսը, թբիլիսյան «Ամբասադորի» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացած շնորհանդեսի ընթացքում «Աշտարակ-Կաթ»-ի ղեկավարության կողմից ներկայացվել են ընկերության զարգացման ռազմավարական ծրագրերը և արտահանման հետ կապված նպատակները: : Շնորհանդեսին հաջորդել է վրացական շուկայում «Աշտարակ-Կաթ»-ի կողմից ներկայացվող ապրանքատեսականու համտեսումը:
Ընկերության կողմից վրացական շուկա արտահանվող տեսականու մեծ մասն այսուհետ տեղական սպառողին հասանելի կլինի «Աշտարակ Դեյրի» անվանումով: «Աշտարակ-Կաթ»-ը վրաստանցի տարբեր տարիքի և նախասիրությունների տեր սպառողներին կառաջարկի «Դասական» և ցածր յուղայնությամբ «Կովիկ» կաթնամթերք, փոքրիկներին`«Յոգու-Մոգու» յոգուրտներ, ակտիվ կյանք վարող երիտասարդներին` ըմպելի յոգուրտ «Մոջո»:
«Աշտարակ-Կաթ»-ը կմասնակցի նաև վաղը՝ նոյեմբերի 28-ին Թբիլիսիում մեկնարկող «Expo Georgia 2012» մթերային ցուցահանդեսին:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և ներկայումս ունի 500-ից ավելի աշխատակից: Ընկերությունն արտադրում է 60 տեսակ կաթնամթերք և 45 տեսակ պաղպաղակ, չոր կաթ, ջեմեր և մուրաբաներ: Այսօր ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ: