Նախկին մարզպետին մեղադրանք կներկայացվի վաղը
Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում (Արտաշատ) վաղը` նոյեմբերի 28-ին, ժամը 16:30-ին, դատախազ Հարություն Հարությունյանի կողմից մեղադրանք է ներկայացվելու Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին և ևս երկու անձանց: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:
Վարդգես Հովակիմյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Գյուղնշանակության հողերը ներկայացրել է որպես արտադրական նշանակության և կառուցապատման իրավունքով վարձակալության տվել: Դեռ ամիսներ առաջ, կայքի լրագրողական հետաքննության ընթացքում, սակայն, ի հայտ եկան բազմաթիվ փաստեր, որոնք նախաքննության մարմինը հաշվի չի առել` ընդհուպ այն, որ նշված ժամանակ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է ոչ թե Վարդգես Հովակիմյանը, այլ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Բացի այդ, ըստ կայքի՝ ինչպես պարզվել է, այդ հողերն արտադրական նշանակության են եղել վաղուց: Այդպես է նաև հողաշինական քարտեզով:
Մինչ օրս անցկացվել են 40-ից ավելի դատական նիստեր, մեղադրվող 6 անձանցից 3-ի` մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի, նրա տեղակալի և մեկ շինարարի մասով վճիռ է կայացվել. նրանց նկատմամբ կիրառել է համաներում` նրանց դիմում-խնդրագրի համաձայն:
Գործում այժմ ներգրավված են նախկին մարզպետը, գյուղապետը և մեկ շինարար: Վերջինս պարտավոր է բյուջե վճարումներ կատարել` 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք: Նոյեմբերի 23-ի դատական նիստում դատավոր Գագիկ Սարգսյանը ակնարկել է, որ եթե այդ գումարը վճարի, նրա նկատմամբ ևս կկիրառվի համաներում: