Տեղի ունեցավ «Միլանոյի» գործով հերթական նախնական դատական նիստը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:

Հայցվորը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը: Ցայժմ, ըստ կողմի, փոխհատուցվել է 5-8 մլն դոլար արժողությամբ գույքի 1/10-րդ մասից էլ ավելի քիչ: Փոխհատուցման պայմանագրում, ըստ կողմի,  հաշվի չեն առնվել շինության 2-րդ, 3-րդ, նկուղային հարկերը և հողատարածքը:

Այսօր հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց շինության սեփականության վկայականը, որից, ըստ հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի, պարզ երևում է, որ ոչ թե առկա է 6 մ բարձրությամբ մեկ հարկ, այլ երկու հարկ՝ յուրաքանչյուրը 3-ական մ բարձրությամբ և 125-ական քառակուսի մ տարածքով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Ալումյանը նկատեց, որ թեև պետությունը պնդում է, թե երրորդ հարկն օրինական չէ, սակայն դիմել է դատարան և 3-րդ հարկի համար պահանջել ու ստացել գույքահարկ:

Հայցվոր կողմի միջնորդությամբ դատարան կներկայացվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննված քաղաքացիական գործը, Վարչական դատարանում քննված գործից մի քանի փաստաթղթեր, իսկ պատասխանող կողմի միջնորդությամբ՝  շինության կադաստրային գործը:  Հաջորդ դատական նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:

Հիշեցնենք, որ խնդրով դատական գործընթացներն ընթանում են 5 տարուց ավելի, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված բազմաթիվ գանգատները միացվել են մեկ վարույթում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս