«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը

Քիչ առաջ Երևանի Ավան և Նոր Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և անմիջապես հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ չի կարող տեղի ունենալ:

Դատարանը ստացել էր Միհրան Պողոսյանի գրությունը, որով վերջինս հայտնել էր, որ դատական նիստին չի կարող ներկայանալ, քանի որ մեկ այլ դատական նիստով ծանրաբեռնված է լինելու: Անդրադառնալով պաշտպանի բացակայությանը՝ դատարանն այն համարեց անհարգելի՝ հաշվի առնելով, որ նա նախապես տեղյակ է եղել դատական նիստերի անցկացման ժամանակացույցի:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում, ըստ էության, ավարտվել է գործով տուժող բժիշկ  Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունը: Բոլոր մեղադրյալների պաշտպաններն արդեն տուժողին ողղել են իրենց հարցերը: Ենթադրվում էր, որ այսօր նիստի ընթացքում կսկսվեր մյուս տուժողների հարցաքննությունը: Նշենք, որ դեռևս չեն հարցաքննվել տուժողներ Արկադի Աղաջանյանն ու Էդգար Նիկոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Տեսանյութեր

Լրահոս