«Հետագա աշխատանքը` նախարարների մակարդակով». Մինսկի խմբի համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը երկուշաբթի օրը Բաքվում հայտարարությամբ են հանդես եկել` ամփոփելով նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքները։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, միջնորդները հայտնում են, որ հերթական այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին օժանդակելու ջանքերը շարունակելն էր։

«Երեւանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպեցին նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի, Բաքվում նոյեմբերի 26-ին` նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 21-22-ը նրանք հանդիպեցին փաստացի իշխանությունների հետ։ Նոյեմբերի 21-ին դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին համանախագահները այցելեցին Զանգիլանի և Ջեբրայիլի շրջաններ` գնահատելու զարգացումները այդ տարածքներում 2010 թվականի հոկտեմբերին իրենց նախորդ այցից հետո»,- ասված է հայտարարությունում։

«Համանախագահները նախագահներ Սարգսյանի և Ալիևւի հետ քննարկեցին օգոստոսին եւ սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ անցկացրած առանձին հանդիպումների արդյունքները և խաղաղ գործընթացի շարունակման վերաբերյալ գաղափարները, որ նրանք ներկայացրել էին նախարարներին հոկտեմբերի 27-ի համատեղ հանդիպմանը: Կողմերը նաև համաձայնեցին հետագա աշխատանք տանել արտգործնախարարների մակարդակով»,- փոխանցում են միջնորդները` նաև իրենց գնահատանքը հայտնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպշիկին ու նրա թիմին` «այս դժվարին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման աշխատանքի և տարածաշրջան այս ուղևորությունը, հատկապես` Զանգիլանի և Ջեբրայիլի շրջաններ այցելությունը, դյուրացնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս