«Մարդը յոգայից նրբանում է, և նրա վրա սկսում է ազդել այն ամենը, ինչը կոպիտ է, անտաշ և չհղկված». Վահագն Վարդումյան
Եթե դու ցանկանում ես յոգայի դասերի հաճախել, սակայն կարծում ես, որ այն հակասում է քրիստոնեությանը, ապա ասեմ, որ այդպիսի բան չկա: Հիմալայան յոգայի ուսուցիչ Վահագն Վարդումյանը պատմում է, որ յոգայի պատմական հիմքը բավականին հանելուկային է, և ժամանակագրությունը որևէ գիտնական, հնագետ չի կարող ասել: «Յոգան հայտնի է եղել ողջ Հին աշխարհում. յոգայի մասին տեղեկություններ կան եգիպտական պապիրուսների վրա, Հայաստանում ևս հնարավոր չէ՝ յոգան տարածված չլիներ, ուղղակի եղած ինֆորմացիան անընդհատ ջնջվել է և չի պահպանվել: Ավելի լավ է ասենք, որ յոգայի առաջացման իրական թիվը չկա, քան, ասենք, թե հինդուիզմից է առաջացել, քանի որ դա պատմական իրողության և ժամանակագրության խախտում է»,- ասում է յոգայի ուսուցիչը:
– Վահագն, յոգան ոչ բոլորն են ընդունում` համարելով այն հակաքրիստոնեական երևույթ: Պատճառն անիրազեկությո՞ւնն է:
– Հասարակությունը երբեմն յոգան վախով է ընդունում, քանի որ կարծում է, թե հինդուիզմից է առաջացել և օտար կրոնի, հավատքի կրող է: Սակայն յոգան իր ակունքներում որևէ կրոնական համակարգի հետ կապ չունի: Հասարակությունը քայլ առ քայլ սկսում է գիտակցել սա: Մեր հասարակության մեջ, հայկական գենի հարուստ ինֆորմացիան հաշվի առնելով, յոգա կիրարկելը շատ հարմար է թե՛ հոգևոր, թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական առումներով:
– Կարելի՞ է ասել, որ յոգան ինքնակատարելագործման միջոց է:
– Յոգայի հիմնական նպատակը ինքնակատարելագործվելն է` հաշվի առնելով մարդու հիմնական երեք ասպեկտները` հոգևոր, մտավոր և ֆիզիկական:
– Ի՞նչ է յոգան մարդուն տալիս:
– Մարդիկ ունեն տարբեր մոտիվացիաներ: Մարդ կա, գալիս է յոգայի` միայն ֆիզիկապես ինքնակատարելագործվելու համար, մարդ էլ կա` հոգևոր, մտավոր, ֆիզիկական վիճակները ներդաշնակելու համար: Այս երեք ոլորտներից որևէ մեկը բաց թողնել՝ նշանակում է՝ իզուր ժամանակ կորցնել:
– Յոգա կիրարկելու համար ինչի՞ց պետք է հրաժարվել:
– Նախ՝ պետք է հրաժարվել շտապելով ապրելուց: Մտքի հանգստությունը շատ կարևոր է: Ես միշտ խորհուրդ եմ տալիս հրաժարվել նաև ծխելուց, խմելուց: Տրամաբանություն չկա՝ գալ յոգայի` ուղեղի բջիջներն արթնացնելու համար, ապա հաջորդ օրերին խմելով ու ծխելով` շարունակել սպանել ուղեղի բջիջները:
– Յոգան և բուսակերությունը որքանո՞վ են իրար հետ փոխկապված:
– Մենք այն ենք, ինչ ուտում ենք, մենք այն ենք, ինչ լսում ենք, ինչ տեսնում ենք: Յոգայի ամենահին ակունքներում` Վեդաներում, նշվում է, որ մարդ պետք է ամեն օր բնության ինչ-որ տեսարաններ տեսնի, քանի որ բոլոր ժայռերը, լեռները, որոնց մարդու ձեռքը չի դիպչել, Աստծո պատկերն են: Այդ կերպարի հետ տեսողությամբ շփվելով` մեր աչքերը հարստանում են բազմաթիվ լիցքերով: Նույնկերպ էլ մեր լսած ձայներն են մեզ կառուցում: Յոգան ու բուսակերությունն անմիջականորեն կապված են իրար, բայց սխալ կլինի բոլորին ասել, թե պետք է միս չուտեն, որ կարողանան յոգայի հաճախել: Ուղղակի բուսակեր լինելը մեզ դարձնում է ավելի դիմացկուն և կենսունակ: Մեզ անհրաժեշտ չէ մսեղեն ուտել: Օրինակ` թունդ մսակերների հետ ես շնչառական խորը վարժություններ չեմ անում, քանի որ այդ դեպքում յոգան կարող է նրանց ավելի շատ վնասել, քան օգնել:
– Այսօր կան բազմաթիվ հոլովակներ, որոնք պատմում են, թե ինչպես պետք է շնչառական վարժություններ անել: Սա վտանգավոր չէ՞: Կան նաև բազմաթիվ «մասնագետներ», ինչպե՞ս ընտրել ճիշտ և լավատեղյակ մասնագետի:
– Ճիշտ է` youtube-ում այսօր կան շատ հոլովակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես պետք է վարժություններ անել, բայց youtube-յան ոչ բոլոր ուսուցիչներն են ասում, որ սենյակը պետք է օդափոխված լինի: Առանց ուսուցչի շնչառական վարժություններ անելը մի փոքր ռիսկային է: Յոգայի լավ և վատ մասնագետներին տարբերելու համար` պետք է մի քանի հիմնական բան իմանալ: Նախ` պետք է հարցնել, թե նրա դասավանդող յոգան ի՞նչ ակունք և գաղափարական ի՞նչ հիմք ունի: Պետք է հիշել նաև, որ ավանդական յոգան կրոնական ոչ մի հիմք չունի ու չի կարող ունենալ:
– Որքա՞ն ժամանակ հետո մարդը կկարողանա ինքնուրույն վարժություններ կատարել:
– Դա շատ անհատական է: Մարդ կա`մեկ ամսում կկարողանա, մարդ էլ կա` 3-4 ամիս հետո: Ես երբ տեսնում եմ, որ աշակերտը հասել է այն մակարդակին, որ արդեն կարող է միայնակ շարունակել, ասում եմ, որ կարող է այլևս չգալ, բայց կապը թող պահպանի, որովհետև ես իր նկատմամբ պատասխանատվություն եմ կրում:
– Նախընտրելի է յոգա կիրարկել բա՞ց, թե՞ փակ տարածության մեջ:
– Պետք է հաշվի առնել և բաց, և փակ տարածության դրական և բացասական կողմերը: Փակ տարածության մեջ վատ է այն, որ օդը երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին դրսում է: Մեր սենյակները հարուստ են տարբեր տեսակի վտանգավոր տարրերով, բայց դա չի նշանակում, որ սենյակում չի կարելի վարժություններ անել: Փակ տարածության մյուս վատ կողմն էներգետիկ դաշտն է:
Օրինակ` եթե վարժություններ ես անում բնակելի շենքում, ապա այդ շենքի բոլոր բնակիչների թե՛ վատ, թե՛ լավ հույզերը ստեղծում են մեզ համար օտար էներգետիկ դաշտ: Բնության մեջ յոգա անելը մի քանի անգամ ավելի էֆեկտիվ է, բայց կան նաև բացասական կողմեր, օրինակ` խոնավությունը, երբեմն՝ աղմուկը, անցորդների անհարկի ուշադրությունը, և այլն: Վատ կողմերից է նաև այն, որ յոգա կիրարկելու ժամանակ կարող է հանկարծ շներն իրենց «հետաքրքրասեր» հաչոցներով անակնկալի բերեն, և մարդու մոտ գլխացավ սկսվի: Բաց տարածության դրական կողմերից են նաև արևի էներգիան և մաքուր օդը:
– Որքանո՞վ են կապված յոգան և ծիծաղը:
– Մի քանի տարի առաջ` Դելիում, բնակվում էի մի տաճարում, և մի օր էլ ժամը հինգին արթնանում եմ ինչ-որ մարդկանց հռհռոցից: Դուրս եկա, տեսնեմ՝ մի խումբ ծերունիներ են նստած, սակայն հռհռոց այլևս չէր լսվում: Ինձ թվաց, թե երազ եմ տեսել: Հետո, երբ պատրաստվում էի հետ գնալ՝ նույն հռհռոցը կրկին լսեցի: Շրջվեցի` տեսնում եմ՝ ձայն չկա: Պարզվում է` նստած մարդկանց մեջ կա մեկը, ով իրենց հռհռացնողն է: Հետո հետաքրքրվեցի և իմացա, որ ծիծաղաբուժություն կոչվող երևույթ կա: Ես պարապմունքների ընթացքում հաճախ եմ ծիծաղաբուժությունը կիրառում, օրինակ՝ փոխելով, հումորային դարձնելով վարժությունների անունները, պարզապես ծիծաղաշարժ դրվագներ հիշելով կյանքից, և այլն:
– Իսկ ի՞նչ երաժշտություն պետք է լսել յոգա կիրարկելու ժամանակ:
– Յոգա կիրարկող մարդու համար չափազանց կարևոր է հաճախ լսել որակյալ երաժշտություն: Այսինքն` լսել ոչ միայն հանգիստ, այլև մարդու հոգեկրթական վիճակը բարելավող երաժշտություն: Օրինակ` յոգայի ընթացքում կամ յոգայից հետո Կոմիտաս լսելով՝ ես ինձ լավ եմ զգում, մինչդեռ թունդ ռոքը դժվար կլինի յոգայի հետ համադրել, չնայած ես ռոք այլ իրավիճակներում երբեմն լսում եմ: Մարդը յոգայից նրբանում է, և նրա վրա սկսում է ազդել այն ամենը, ինչը կոպիտ է, անտաշ և չհղկված: