«Տեղական դեղարտադրողներից միայն երեքն են պատրաստ հավաստագրմանը»

2013-ի հունվարի 1-ից կսկսվի տեղական դեղարտադրողների հավաստագրման պրոցեսը, որին պատրաստ են տեղական դեղարտադրող կազմակերպություններից 3-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Ըստ նրա`GMP (պատշաճ արտադրական գործունեության) հավաստագիրը կհավաստի, որ տեղական արտադրողը դեղի արտադրության ամբողջ ընթացքը կազմակերպում է եվրոպական ստանդարտներին համապատասխան:

«Ամբողջ այդ հավաստագրի իմաստն այն է, որ երբ սպառողը դեղը դնում է բերանում,  նույնիսկ իր մտքով չպետք է անցնի, որ այդ դեղը կարող է լինել անորակ, թունավոր կամ վտանգավոր»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հավաստագրման գները դեռևս պարզ չեն. դրանք կսահմանվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով: Ըստ նրա՝ տեղական դեղարտադրող 12 կազմակերպություններից հավաստագրման պրոցեսն անցնելուն համեմատաբար մոտ է երեք կազմակերպություն՝ «Ֆարմատեքը», «Լիկվորը», «Արփիմեդը»:

«Կազմակերպություններ կան, որ 80-90 տոկոսով են մոտ հավաստագրման պրոցեսին, կազմակերպություններ կան, որ՝ ավելի ցածր»,- ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը՝ նշելով, որ այդպիսի եզրակացություններ իրենք կարողացել են անել ամերիկացի փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում:

«Կազմակերպությունների խնդիրները տարբեր են. մեկի մոտ կառուցվածքն այնպիսին չէ, որ պիտի լիներ, մյուսի մոտ օգտագործվում էր ֆիլտր, որն իր մաքրման պրոցեսով մի քիչ պակաս էր, քան ընդունված եվրոպական ֆիլտրերը, մյուսի մոտ, չնայած աշխատակիցներն անցել են որոշակի կրթություն, բայց որոշ հարցերի չեն կարողացել պատասխանել: Գտնվել են որոշակի թերացումներ, որոնք պետք է վերացվեն: Բոլորին տրվել է 2-3 ամիս ժամանակ, որպեսզի հնարավորության սահմաններում վերացվեն այդ խնդիրները»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Վերջինս վստահ է, որ GMP հավաստագրերը հնարավորություն կտա տեղական դեղարտադրողներին նաև մեծացնել արտահանման չափերը:

 

Տեսանյութեր

Լրահոս