Շատերն են ասել, որ կցանկանան ինձ տեսնել խորհրդարանում. Սաֆարյան

Այսօր «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցող ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում պաշտպանելու է պատգամավորության թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանին:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում Ս. Սաֆարյանն ասաց, որ շատ կգոտեպնդվի, եթե զգա բոլոր այն կուսակցությունների սատարումը, ովքեր ցանկանում են թիվ 1 ընտրատարածքում հաղթանակ տանել:

««Հանրապետություն» կուսակցության հետ իմ հարաբերությունները միշտ եղել են լավ մակարդակում: Մեր միջև նախնական զրույց գնացել է և ես ասել եմ, որ ինձ համար պատիվ կլինի զգալ նրանց զորակցությունը և հիմա ուրախ եմ հայտարարել նրանց որոշման մասին՝ պաշտպանել իմ թեկնածությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի կողմից Ստյոպա Սաֆարյանին սատարելու հավանականությանը, ապա Ս. Սաֆարյանն ասաց, թե ինքը չի բացառում, որ առաջիկայում  իր թեկնածությունը պաշտպանելու մասին այլ որոշումներ նույնպես կլինեն:

«Շատերն են ասել, որ կցանկանան հենց ինձ տեսնել խորհրդարանում: Նրանք կանգնած են իմ կողքին, բայց անուններ դեռև չեմ տա: Համենայնդեպս, շատ կան այնպիսի քաղաքական գործիչներ, խմբեր, կազմակերպություններ, ովքեր զորակցում են ինձ»,- նկատեց Սաֆարյանը:

Մեր հարցին, թե շատերի կողմից Ձեզ սատարելու հանգամանքը մրցակցային առավելություն տալի՞ս է, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ՝ ինձ ավելի շատ ուժ է տալիս: Իսկ առավելությունն, ըստ իս, քաղաքական ընտրության մեջ է: Այն, որ քաղաքական ուժերը սատարում են երիտասարդ, բայց քաղաքականության մեջ ինչ-որ չափով կայացած գործչին, այս առումով ուրախ եմ, որ ընտրությունը վերածվում է քաղաքայան ընտրության»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված են «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ՀԱԿ ներկայացուցիչ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը և անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս