ԲՀԿ-ականները չեն վիրավորվո՞ւմ Գագիկ Ծառուկյանից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, թե ինքն արդեն իր ներսում կայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին որոշումը: Միաժամանակ նա նշել էր, թե ինքն իր կայացրած որոշման մասին որևէ մեկին չի ասել՝ նույնիսկ իր թիմակիցներին՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:

«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին և հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»,- ասել էր նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք վիրավորական չէ՞ այն փաստը, որ իրենց առաջնորդն իր «մեջ» կայացրած որոշման մասին չի տեղեկացնում իր թիմակիցներին՝ թեկուզ միայն այն բանի համար, որ նրանք կարողանան հրապարակային ելույթներում, հարցազրույցներում և քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ ճիշտ ներկայացնել իրենց ռազմավարությունը, ու հետագայում վատ իրավիճակում չհայտնվեն:

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ոչ, համաձայն չեմ ձեզ հետ, որովհետև նման որոշում կայացնելն իրապես նաև շատ մեծ անձնական պատասխանատվություն է ենթադրում, և բնական է, որ Գագիկ Ծառուկյանն իր ներսում նախ պետք է ինչ-որ որոշում ունենա:

Կարդացեք նաև

Նաև շատ բնական եմ համարում, որ նա իր որոշումը հստակեցնելուց առաջ պետք է լսի նաև կուսակցության ներկայացուցիչների, կուսակցության տարածքային կառույցների և, ինչպես ինքն էր ասել՝ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները:

Այլ բան է, որ մարդն իր ներսում է որոշում կայացնում, այլ բան է, երբ այն հստակեցնում է և հրապարակային հայտարարում է այդ մասին: Իր այդ հստակեցումից հետո մենք միանշանակ կհայտարարենք մեր որոշման մասին»:

Տեսանյութեր

Լրահոս