Բաժիններ՝

Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Տոմաշ Դուբը փոխշահավետ համագործակցություն է ակնկալում

«Փոխադարձ փոխշահավետ համագործակցությունը ԵՄ երկրների հետ, ինչպես նաև Չեխիայի  Հանրապետության հետ Հայաստանի համար կարող է կարևորագույն և երկրի տնտեսական զարգացման գործընթացում մեծ դեր խաղալ»,-  այսօր Երևանում հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար  Տոմաշ Դուբը:

Հայ-չեխական առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով ՀՀ-ում՝ Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Տոմաշ Դուբի կատարած այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր Հայաստան-Չեխիա գործարար համաժողով, որին ներկա էին փոխնախարար Դուբը, Զարգացման հայկական գործակալության ղեկավարը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ու մի շարք  գործարարներ:

Իր խոսքում Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ «նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում հայ գործարարներին՝ ներդրումային գործարար առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև զարգացնել և էլ ավելի ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ երկրների հետ»:

Ըստ Ռ.Հարությունյանի՝ «Հայ-չեխական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Ողջունելի է Հայաստանում չեխական ընկերությունների ներդրումային կապիտալի ընդլայնումը: Ներկայումս չեխական կապիտալով Հայաստանում գործում է ավելի քան 20 ձեռնարկություն: Մեր գործակալությունը պատրաստ է աջակցել չեխ գործարարներին հայ գործարարների հետ երկարաժամկետ և հեռանկարային համագործակցության համար կապերի հաստատման, ինչպես նաև փոխշահավետ ներդրումներ իրականացնելու գործում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ «Վերջին շրջանում երկուստեք ջանքերի շնորհիվ երկու երկրների գործարար հարաբերությունները հասել են նոր մակարդակի»: Ըստ ՀՀ արտգործնախարարի տեղակալի՝ «Հայաստանը կարևորում է ԵՄ երկրների հետ համագործակցությունը: Վերջին տարիների արձանագրած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից արտահանման ծավալների 50 տոկոսը բաժին է ընկնում հենց ԵՄ երկրներին»:

Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Տոմաշ Դուբի խոսքով՝ իրենք մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասի տնտեսական  կայունությանը, անվտանգությանը, ինչպես նաև բարգավաճմանը: «Փոխադարձ փոխշահավետ համագործակցությունը ԵՄ երկրների հետ, ինչպես նաև Չեխիայի  Հանրապետության հետ Հայաստանի համար կարող է կարևորագույն և երկրի տնտեսական զարգացման գործընթացում մեծ դեր խաղալ»,- նշեց Տոմաշ Դուբը:

Տոմաշ Դուբը ներկայացրեց նաև Չեխիայից ժամանած արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 13 ընկերությունները: «Դրանք են՝ մսամթերքի արտադրություն, արտահանման և ներդրումային վարկերի տրամադրում, մոլիբդենի խտանյութի արտադրություն, առողջապահություն (ցողունային բջիջների հետազոտություն և կիրառում), հեռահաղորդակցություն, հրուշակեղենի արտադրման համար սարքավորում և ապրանքների մշակում, արտահանվող նախագծերի ֆինանսավորում, անշարժ գույքի առք ու վաճառք, օդաճնշող և վակուումային տրանսպորտ, տեքստիլի արտադրություն, զրահապատ տրանսպորտային միջոց) քիմիական, կենսաբանական և ռադիո հետազոտությունների տրանսպորտային միջոցների իրականացում, ԱՊՀ երկրների Առևտրաարդյունաբերական պալատ, արտահանման երաշխիքային և ապահովագրական ընկերություն»,- նշեց Չեխիայի արտաքին գործերի փոխնախարարը:

Վերջում պաշտոնյաները հավելեցին, որ 2011թ. ընթացքում Հայաստանի և Չեխիայի առևտրաշրջանառությունը կազմել է 26 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա ընթացքում արտահանումը կազմել է 1.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 24 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից հիմնականում արտահանվել են ալյումին և իրեր, ինչպես նաև՝ սև մետաղ, իսկ Չեխիայից Հայաստան է ներմուծվել միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, ապակի  և վերգետնյա տրանսպորտային միջոցներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս