Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարության ընթացքում կշարունակվի տուժող Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունը
Այսօր Երևանի Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է «Հարսանքարի» գործով դատավարությունը: Նիստի ընթացքում կհարցաքննվի գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը: Նախորդ դատական նիստի ընթացքում վերջինս պատմել էր դեպքի օրվա մանրամասները: Այսօր տուժողին հարցեր են ուղղելու գործով մեղադրյալների պաշտպանները:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):