«Իմ համար մինչև հիմա մութ ա մնացել՝ ինչի՞ են մեզ ծեծել»
Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի գործով» դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը:
«Իմ համար մինչև հիմա մութ ա մնացել` ինչի՞ են մեզ ծեծել: Մինչև հիմա ամեն օր ես մտածում եմ` ինչի՞ են մեզ ծեծել»,- պատասխանելով գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ են ծեծել իրեն ու իր ընկերներին, ասաց տուժող Գարիկ Սողոմոնյանը: Վերջինս ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օր` հունիսի 17-ին.
«Հունիսի 17-ին, երեկոյան 5-6-ի սահմաններում կլիներ, հերթապահությունից հետո տուն էի գնում, զանգեցի Վահեին, չպատասխանեց: Մի 2-3 րոպեից Արկադը զանգեց, ասեց` ո՞ւր ես, մի մեքենա նստի, տեղներս ասենք, մեր մոտ արի: Ասի` չէ՛, հոգնած եմ, հերթապահությունից հետո ա, տուն եմ գնում, հետո Վահեն վերցրեց, ասեց, որ Արկադիի ծնունդն ա (ես չէի հիշում, որ Արկադիի ծնունդն ա), հավաքվել ենք, մի մեքենա նստի` մեր մոտ արի: Ասեցի` լավ, կգամ: Հետո մեքենա եմ նստել, տաքսի մեքենայով գնացել եմ Արզնու ձոր: Մոտավորապես 7-ի սահմաններում հասել եմ այնտեղ, տեղները բացատրել են, իջել եմ մոտները, ընդեղ էր Արկադին, Վահեն, Արտակը, մեկ էլ Դիանան էր: Հաց ենք կերել, մի քիչ զրուցել, հետո Էդգարն ա մեզ միացել: Էնտեղ ծանոթ Կամոյին ենք հանդիպել: Հետո ոնց որ իմացանք, Վահեի բարեկամն էր»:
Ըստ Գարիկ Սողոմոնյանի` հետո Վահե Ավետյանն առաջարկել է գնալ «Հարսնաքար» ռեստորանային համալիր, իրենք էլ համաձայնել են, քանի որ ցանկանում էին իրենց ընկերոջ ծնունդը շնորհավորել նաև երաժշտությամբ: Վահեն, ըստ Գարիկ Սողոմոնյանի, զանգահարել է ռեստորանային համալիրում աշխատող իր ծանոթ երգիչ Դավթին, սեղան է պատվիրել: «9:30-ի սահմաններում էր, հասել ենք «Հարսնաքար», այնտեղ Դավիթը դիմավորեց մեզ, մտանք ներս, սեղանը ցույց տվին, նստեցինք:
Նստեցինք, մի երկու րոպեից Վահեն դուրս եկավ լվացվելու: Էդ պահին մատուցողին կանչեցի, ասեցի`ախպե՛րս, սուրճ բեր` խմենք, մինչև տղաները հավաքվեն, տեսնենք` ով ինչ ա ուզում: Մատուցողն ասեց` ձեր ընկերը ոնց որ ուզում ա դուրս գա, էլի: Ասի` ո՞նց կարող ա, մի հինգ րոպե չկա` նստել ենք, ո՞նց ա ուզում դուրս գա: Ասեց` հա, ոնց որ ուզում ա դուրս գա, ու Վահեն եկավ էդ պահին: Վահեն եկավ, ասեց` Գա՛ր, չեն թողում ինձ նստեմ ես շալվարով, ասում են` չի կարելի: Ասի, բայց սկզբից խի՞ չեն ասել, կամ ասեիր, որ երաժիշտներից մեկի մոտ ենք եկել, երևի մի 20 րոպեից դուրս ենք գալիս, էլի:
Ասեց` չէ՛: Ասեցին` օրենք ա տենց: Պիտի դուրս գաք: Ասեցի` դե եկեք դուրս գանք, հո ծանոթ չե՞նք խառնի, որ թողնեն մնանք: Ասեց` եկե՛ք, ու էդ պահին հաշիվն ուզեց մատուցողից, հաշիվը բերեց, սեղանից հըլը չէինք օգտվել: Ասեց` սեղանը կպահես, գալու ենք, գնում եմ փոխվեմ գամ, որ տենց ա: Մատուցողն ասեց, որ մինչև 12-ն են աշխատում, ասեց` ոչինչ, մինչև 12-ին 5 պակաս էլ լինի` գալու ենք: Նենց որ, հաստատ գալու ենք: Մի ժամից կլինի, երկու ժամից կլինի` գալու ենք»:
Ըստ Գարիկ Սողոմոնյանի` ռեստորանային համալիրից դուրս գալուց հետո Վահեին առաջարկել են գնալ այլ ռեստորան, որպեսզի Վահեն ստիպված չլինի գնալ տուն ու հագուստը փոխել: Սակայն Վահեն պնդել է, ու Արկադիի հետ գնացել է հագուստը փոխելու, իսկ մյուսները վերադարձել են ու շարունակել խնջույքը:
Դրանից հետո, ըստ Գարիկ Սողոմոնյանի, ինքը գնացել է լվացվելու, իսկ վերադառնալուց հետո տեսել է` իր ընկերները զրուցում են համալիրի մենեջերի ու մատուցողի հետ: Երբ ինքը հետաքրքրվել է` ի՞նչ խնդիր կա, իրեն պատասխանել են, որ ամեն ինչ նորմալ է: Հետո տղաներից իմացել է, որ վերջիններս հարցրել են, թե ով է իրենցից հայհոյել: Գարիկ Սողոմոնյանի խոսքով` մոտ 20 րոպե անց Վահեն ու Արկադին վերադարձել են:
Վահեն կանչել է մատուցողին` պատվեր տալու. «Մատուցողը մոտեցավ, էդ ժամանակ Վահեն ասեց. ախպե՛րս, գլխարկով կարելի ա՞, թե՞ չէ: Մատուցողը տենց ագրեսիվ միանգամից` բա կայֆավա՞տ ես ըլնում վրես: Ասեց` չէ՛, ախպե՛րս: Էն, որ շալվարով ասեցիր` չի կարելի, կարո՞ղ ա գլխարկով էլ չի կարելի, հարցնում եմ: Բա` դո՛ւրս արի, հես ա կասեմ: Ու Վահեն ու Արկադը հելան դուրս:
Մոտ մի րոպե հետո ես էլ դուրս եկա: Արտակն էլ էր դուրս եկել: Տենց դուրս եկա, մուտքի մոտ տեսա, որ հավաքված են, տեղ չկա: Ես մտածեցի` ուրիշ բան ա, չէի մտածում, որ կարող ա մեր հետ, մեր համար էդքան հավաքված լինեն: Մի քանի վայրկյան տենց կանգած, նայում եմ, տեսնեմ Նորայրը (խոսքը գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի մասին է.- Օ.Հ.) ջղայնացած ասում ա` մենք ստեղ կայնած, ինչե՞ր ես քեզ թույլ տալիս: էդ պահին հըլը ես Վահեին չէի տեսել: Հետո տեսա` Վահեի քիթը արյուն ա: Ասի` էս ի՞նչ ա եղել: Ու տենց հասկացա, որ մեր հետ ա կապված: Ի՞նչ ա եղել: Նորայրը` եկե՛ք քայլենք ընդեղ, հես ա կխոսանք»:
Ըստ տուժողի` դրանից հետո ինքն ու Նորայր Հայրապետյանը քայլել են դեպի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղի, ընթացքում ինքը վերջինիս պատմել է, թե ինչ է կատարվել: Այդ ժամանակ Գարիկի ընկեր Արկադին, ըստ Գարիկի ցուցմունքի, զանգահարել է Արկադիի ու Նորայրի ընդհանուր ծանոթին ու փորձել հեռախոսը փոխանցել Նորայրին, որպեսզի վերջինս խոսի այդ մարդու հետ: Նորայր Հայրապետյանը, սակայն, չի ցանկացել վերցնել հեռախոսն ու խոսել:
«Ես ու Նորայրը տենց կանգնած խոսում էինք: Մեկ էլ տենց ռեզկի սկսեցին խփել տղերքին: Սենց միանգամից լցվեցին վրեքները: Որ պտտվեցի, էդ պահին Վահեին տեսա, որ հետ-հետ էր գնում: Ու Նորոն էլ գնաց, մտավ մեջները: Ես էլ հետևից էլի, տենց մտանք մեջները` սպասե՛ք, այ ախպեր, մի՛ խփեք: Նորոն ֆռաց, եկավ իմ վրա: Եկավ, առանց պատճառ, առանց բան սկսեց խփելը: Խփեց, ընկա, մի վայրկյանից հելա ու միանգամից հարվածներ սկսեցին: Հետո ուշքս գնաց, ու էլ չեմ հիշում:
Որ վեր կացա, աչքիցս, քթիցս արյուն էր գալիս: Տեսնեմ` Վահեն ինձնից մի քիչ էն կողմ ընկած է: Գնացի Վահեի մոտ, Վահե՛, Վահե՛, ձեն չտվեց: Պուլսը բռնեցի, կամաց խփում էր: Տենց միանգամից վազեցի զալի կողմ: Մի հատ տենց ջահել մատուցող էր` զալ չհասած` հելավ դեմս, ջուր տվեց: Էդ պահին տեսա, որ Արտակն էլ էդ պահին վերխը վրան չէր, լրիվ արունոտ: Հասել ենք, մի հատ ջուր լցրինք վրեն (խոսքը Վահե Ավետյանի մասին է.- Օ.Հ.), ոչ մի ռեակցիայի չէր պատասխանում: Արկադին Վահեի ավտոմեքենայի բանալիներն ա բերել, գրկել, դրել ենք մեքենան, Արտակը` մեջը, Վահեին գրկած, ես էլ առաջն եմ նստել, ու տենց հասել ենք հոսպիտալ:
Ընթացքում բաժնի վարիչներին ենք զանգել, որ Վահեն լավ չի, շուտ իջե՛ք հոսպիտալ: Հասանք ընդունարան, էդ կատալկեն բերեցին, որ արդեն պիտի հանեն ռեանիմացիա, հենց էդ լիֆտի մոտ շնչառական կանգ տվեց Վահեի մոտ: Հետո ապարատներով միացրին, նկարեցին, տեսան, որ արդեն վիճակը ծանր ա, վերցրեցին վիրահատության»,- պատմում էր Գարիկ Սողոմոնյանը:
Պատասխանելով ամբաստանյալների պաշտպանների հարցերին`տուժողը նշեց, որ դեպքի օրն ինքն ու իր ընկերները մի քանի բաժակ օղի են խմել ու գարեջուր, բայց նորմալ վիճակում են եղել: Գարիկ Սողոմոնյանը, ինչպես և գործով մյուս տուժող Արտակ Բայադյանը, ասաց, որ իրենց ծեծել են 15-20 հոգի:
Նա նաև նշեց, որ իրենց հարվածողների արտաքինը նկարագրել չի կարող, բայց եթե նրանց տեսնի` հավանաբար կճանաչի: Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին, թե ինչո՞ւ էր մատուցող Դավիթ Ադամյանը ագրեսիվ պատասխանել Վահեի հարցին, տուժող Գարիկ Սողոմոնյանը պատասխանեց, թե չի կարող պատասխանել: «Ջղայնացած էր, արգրեսիվ էր: Իմ մոտ էնպիսի տպավորություն էր, որ եթե Վահեն իրենից ջուր ուզեր, մատուցողը կպատասխաներ` դու ո՞վ ես, որ ինձնից ջուր ես ուզում»: Հարցաքննությունն այսպիսով ավարտվեց, քանի որ նիստի ընթացքում ամբաստանյալներից Արման Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ: Նա գլխապտույտ ու սրտխառնոց ուներ: Նախագահող Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ շտապօգնություն կանչեցին: Բժիշկներն ասացին, որ վերջինիս արյան ճնշումն էր բարձրացել:
Նշենք, որ մեղադրող Արթուր Դավթյանին միացավ նաև ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը` որպես մեղադրող: Իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: