Վահագն Խաչատրյան. Բյուջե 2013-ը պեսիմիստական տրամադրություններ է առաջացնում
«Երբ մենք խորանում ենք 2013թ. բյուջեի նախագծի մեջ, տեսնելու համար, թե ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի կառավարությունը, հասկանում ենք, որ այդիպիսի ծրագրեր իրականում չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ Վ.Խաչատրյանի, այս բյուջեին ծանոթանալուց հետո ավելի հոռետեսական տրամադրություններ են. «Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր փոքր-ինչ ցանկություն են ունեցել երկրից հեռանալու, հիմա ավելի համոզված ցանկություն կունենան երկրից հեռանալու համար»:
Բանախոսի կարծիքով, հարկավոր չէ խորանալ բյուջեի թվերի մեջ, մասնագիտական վերլուծություններ կատարել, ուղղակի պետք է մի քանի թվեր նայել, որպեսզի համապատասխան եզրահանգումներ կատարես: «Խոսքս վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, որոնց մասին խոսք չկա, խոսքը վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, որոնց մասին նույնպես խոսք չկա, խոսքը վերաբերում է ընդհանրապես սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված գումարներին, որոնք 4 տարիների ընթացքում՝ այս տարի բյուջեում նախատեսվածից կրճատվել են։ Եվ, եթե վերցնում ենք տնտեսական ծրագրեր, որոնց վրա շեշտադրում է անում կառավարությունը (նկատի ունեմ արդյունաբերության զարգացում, գիտելիքահեն ճյուղերի զարգացում), նմանատիպեր բաներ չկան, բոլոր այն հաջողությունները, որոնք կառավարությունը որպես հաջողություն է ներկայացնում, իրականում չկան»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
«Կառավարությունն ասում է, որ այս տարվա բյուջեով կարողանում է ապահովել մակրոտնտեսական կայունություն, այսինքն՝ այն, ինչ կար, մնում է նույնը, ինչպես նաև իրականացնում է սոցիալական ծրագրեր։ Այսինքն՝ նոր սոցիալական ծրագրեր չկան, այլ մնում են բոլորը ծրագրերը նույնը, ամեն դեպքում, ես այդպիսի ծրագրեր չտեսա»,- նշեց բանախոսը:
Վերջինիս համոզմամբ՝ վարչապետի սիրված ինդուստրիալ և պոստինդուստրիալ զարգացման գաղափարներից Հայաստանին բնորոշ է միայն ինդուստրիալ զարգացման գաղափարը, այսինքն՝ Հայաստանը պետք է զարկ տա արտադրության զարգացմանը, բայց, ինչպես տեսնում ենք, նմանատիպ գործընթացները նույնպես բացակայում են մեր տնտեսությունում: «Տարիներ շարունակ, հնարավոր է, մենք ծանոթացել ենք Տիգրան Սարգսյանի տեսլական մոտեցումներին, սակայն իրականում ամենը դեռևս բանավոր խոսքով է ասվել, և գործնական փուլից դեռևս հեռու ենք»,- նշեց Վահագն Խաչատրյանը: