Վերջապես, որքա՞ն միս է արտադրվել նախորդ տարի
Վերջին շրջանում այնպես է ստացվում, որ շաբաթվա վերջին ստիպված ենք լինում անդրադառնալ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին։ Ավելի ճիշտ՝ վիճակագրական խառնաշփոթին։
Խառնաշփոթի հերթական դոզան ստացանք շատ պատահական։ Ցանկանում էինք հասկանալ՝ որքան միս է արտադրվում Հայաստանում։
Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ զեկույցում (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-սեպտեմբերին) կա «Արդյունաբերություն» բաժինը։ Այնտեղ ներկայացված են տարբեր ապրանքատեսակների արտադրության ծավալները՝ բնեղեն արտահայտությամբ։ Նշված էր, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 29 469.4 տոննա միս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 437.4 տոննայի դիմաց։ Մսի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.6%-ով։ Մինչ այս պահն ամեն ինչ կարծես նորմալ էր։
Խառնաշփոթը սկսվեց, երբ հենց այնպես որոշեցինք ստուգել նաև նախորդ տարի հրապարակված զեկույցը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-սեպտեմբերին։ Եվ պարզվեց, որ նախորդ տարվա զեկույցում 2011թ. հունվար-սեպտեմբերին արտադրված մսի քանակը ոչ թե 28 437.4 տոննա է, այլ՝ 36 837.4 տոննա։ Թե ինչպես է ստացվել, որ նույն ժամանակահատվածում արտադրված նույն մսի ցուցանիշը մեկ տարի անց հանկարծ նվազել է ուղիղ 8400 տոննայով, թերևս հայտնի է միայն վիճակագիրներին։
Նույն պատկերն է նաև կաթի դեպքում։ 2011թ. հունվար-սեպտեմբերին, այս տարի հրապարակված զեկույցի համաձայն, արտադրվել է 275 միլիոն լիտր, իսկ նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ ավելի շատ՝ 319.4 միլիոն լիտր։
Իհարկե, կարելի էր ասել, որ հնարավոր է՝ բազային ցուցանիշները միտումնավոր են նվազեցվել՝ աճ ստանալու համար։ Օրինակ՝ եթե մսի ցուցանիշը «չվերանայվեր» (բազային ցուցանիշը լիներ 36 837.4 տոննա), ապա 3.6% աճի փոխարեն՝ պետք է գրանցեին 20% անկում։ Կաթի դեպքում նույնպես՝ 2.5% աճի փոխարեն՝ պետք է լիներ 11% անկում։
Սակայն զերծ կմնանք դավադրությունների տեսությանը տրվելու գայթակղությունից, քանի որ որոշ ապրանքատեսակների դեպքում հակառակն է եղել՝ նախորդ տարվա ցուցանիշը վերնայվել է աճման ուղղությամբ։
Այդուհանդերձ, ցուցանիշների այսպիսի տարբերությունը, մեղմ ասած, զարմանալի է։ Օրինակ՝ 36 837-ը ճշգրտվելուց հետո կարող է փոփոխվել մի քանի տասնյակ, լավ, մի քանի հարյուր տոննայով։ Սակայն 8400 տոննայի տարբերությունն արդեն հարցեր է առաջացնում։
Իհարկե, մեզ կրկին կարող են մեղադրել «մեթոդաբանական նրբություններին չտիրապետելու» մեջ։ Սակայն պատկերացրեք, որ մեր՝ լրատվամիջոցի փոխարեն՝ շարքային քաղաքացի է կամ դպրոցական, ով պարզապես հետաքրքրության համար ցանկանում է իմանալ, թե իր երկրում ի՞նչ ապրանքներ են արտադրվում և ի՞նչ ծավալով։ Ո՞ր մի զեկույցին նա պետք է հավատա։ Կամ՝ պե՞տք է հավատա ընդհանրապես։