Ընտանիք ստեղծելու մոտեցումը երիտասարդների մոտ շատ խաղուպարային է դարձել
Հայ ընտանիքի աղճատվածության պատճառը միայն սոցիալական պատճառները չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
«Բազում պատճառներ կան, և պատճառներից մեկն իրական արժեհամակարգի փոփոխությունն է, որովհետև ժամանակին մենք ունեինք որոշակի արժեհամակարգ, որոշակի բարոյական նորմեր, որոնց հետևում էինք: Այսօր դա չկա: Այդ, այսպես ասած, հին նորմերի հետևորդները հետամնաց են դարձել, հին մտածելակերպ ունեն, այսպես են որակվում: Այսօր «ընտանիք» հասկացողությունն իր արժեքը չունի, որովհետև ընտանիք ստեղծելու մոտեցումը փոխվել է երիտասարդների մոտ, շատ խաղուպարային է դարձել, և այս ամենի մեջ մեղավորություն ունի թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, և թե՛ այն ամենը, ինչը մատուցվում է էկրանից»:
Ըստ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի` հեռուստաէկրաններից ամեն օր մարդիկ տեսնում են ֆիլմեր, սերիալներ, որտեղ կարելի է հրաժարվել ընտանիքից, կնոջից, իբրև թե՝ սիրո պատճառով: Եթե ամեն անգամ մարդուն հրամցնեն, որ ընտանիքն այնպիսի կառույց է, որը կարելի է հեշտությամբ լուծարել՝ միայն ասելով՝ ես քեզ չեմ սիրում, բնականաբար, նրա մոտ ընտանիքը կարժեզրկվի:
«Երբ գալիս են եկեղեցի ամուսնանալու, մենք տեսնում ենք, որ շատ թեթև են վերաբերվում, ամեն ինչին շատ հպանցիկ են մոտենում: Անգամ շատ մարդկանց մոտ եկեղեցի գալը դարձել է նորաձև, որովհետև վիդեոյի վրա իրենց պսակադրությունը շատ գեղեցիկ, հետաքրքիր պահեր պետք է ունենա: Մարդը պետք է գիտակցի, որ ինքը ստեղծում է անքակտելի միություն: Պսակադրություններին հրավիրված 50-60 հոգուց միայն 1-2-ն են լսում աղոթքները: Ամեն անգամ ընդհատում ես պսակը, լռության հրավիրում բոլորին, որպեսզի մարդիկ լսեն: Կամ էլ՝ մարդիկ իրենց համար պարզապես նստած՝ իրենց մտքերով են, զրույցները շշուկով տանում են, կամ էլ ուղղակի դուրս են գալիս եկեղեցուց: Այսինքն, ցանկությունը՝ լսելու, իմանալու`ինչ նոր սկիզբ է դրվում, չկա: Մարդիկ բաց են թողնում հնարավորությունը`հասկանալու`ինչ է ընտանիքը»,- նշեց քահանան:
Նրա կարծիքով` ընտանիքի վրա բացասական հետևանքներ են ունենում նաև սոցիալական խնդիրները. արտագնա աշխատանքի պատճառով ընտանիքներ են փլուզվում: Ըստ նրա՝ կա նաև հասարակության ու պետական մոտեցման բացակայությունը: Կրոնական կազմակերպությունները ևս, քահանայի խոսքով, չեն արժևորում ընտանիքի գաղափարը:
«Մենք կանգնած ենք մի ընդհանուր խնդրի առաջ, որի լուծումը միայն մեկ մարմնի գործը չէ: Շատ մարմիններ՝ հոգևոր, իշխանական, հասարակական, պետք է լծվեն այս գործին: Եթե մինչև այսօր մենք կանք, շնորհիվ այն բանի, որ մեր հասարակության մեջ ընտանիքը մեծ դեր է կատարել»: