Բաժիններ՝

Կապի ոլորտում եկամուտն ու շահույթը նվազում են, հարկերն՝ ավելանում

Կապի ոլորտում, ըստ ՊԵԿ-ի տվյալների, 2011 թվականին 2010 թ. համեմատությամբ շահութաբերության մակարդակը նվազել է 5.5%-ով։ Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության՝ ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվության մեջ։

Ընդ որում, հաշվետվության հեղինակները պարզաբանում են, որ շահութաբերության անկումը արդյունք է  ոչ թե եկամուտների նվազման, այլ  «հայտարարագրված ծախսերի» չափի ավելացման: «Սա վկայում է այն մասին, որ տվյալ շուկայում մրցակցության ուժեղացման պայմաններում ավելացվել են մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց հետ կապված ծախսերը, իսկ սակագները նվազել են, որի արդյունքում՝ հարկ վճարողները սկսել են աշխատել նվազ շահութաբերությամբ` ընդլայնելով ծառայությունների ծավալները, ընդ որում, ըստ նախարարության տվյալների՝ 2012 թվականի 9 ամսում ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է  12.5%-ով: Առ 01.10.2012թ. ոլորտի կազմակերպությունների գծով առկա է շուրջ 23.5  մլրդ դրամի չափով հարկային պարտավորությունների առաջանցիկ վճարումներ»,- նշված է հաշվետվության մեջ: Նույն փաստաթղթի մեջ, սակայն, նշվում է նաև եկամուտների նվազման մասին. «Ըստ հավաքագրված տվյալների՝ ոլորտի 2012 թվականի 9 ամսվա եկամուտը նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2%-ով և կազմել 120577,6 մլն դրամ, վճարված հարկերի գումարն աճել է 12,5 %-ով  և կազմել 23271,7 մլն դրամ, այդ թվում՝ ԱԱՀ՝ 13095.1 մլն դրամ, շահութահարկ՝ 7523.1 մլն դրամ, իսկ աշխատողների թվաքանակն աճել է 4,6%-ով /կազմել է 5188 մարդ/, որի արդյունքում՝ սոցիալական ապահովության գծով վճարներն աճել են 43,7%-ով և կազմել 2780,3 մլն դրամ: Ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ պետական բյուջե կմուծվեն ևս 7756,9 մլն դրամի հարկեր և 926,8 մլն դրամի սոցիալական ապահովության վճարներ»։ Նշենք, որ կապի ոլորտում գործում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող 281 լիցենզավորված անձ, այդ թվում` «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ /ՎիվաՍել/», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս