
Վարդան Ղուկասյանը գազալցակայա՞ն է կառուցում (լուսանկարներ)

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ, կառուցում է գազալցակայան:
ԳԱԼԱ-իտեղեկություններով` հիշյալ տարածքը պատկանում է Վ. Ղուկասյանի որդուն, և այն ժամանակ գործող քաղաքապետը տարածքը հատկացրել է մանկապարտեզ կառուցելու համար, սակայն հիմա կառուցվում է գազալցակայան:
ԳԱԼԱ-ի հարցին, թե Գյումրու քաղաքապետարանը տեղյա՞կ է արդյոք, որ բնակելի շենքերի, մանկապարտեզի հարեւանությամբ գազալցակայան են կառուցում, Գյումրիի քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը պատասխանել է կարճ` ոչ:
Իսկ հարցին, թե՝ քաղաքապետարանը նշված տարածքում գազալցակայան կառուցելու թույտվություն տվե՞լ է արդյոք ընկերությանը, Զ. Եգանյանը պատասխանել է. «Հողատարածքը սեփականության իրավունքով է ձեռք բերված, բայց Գյումրիի քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու թույլտվություն չկա»:
Ըստ քաղաքապետարանի մամլո խոսնակի` իրենք նոյեմբերի 12-ին են տեղեկացել, որ ապօրինի շինարարություն է իրականացվում: «Քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել «Տանիկո» ՍՊԸ տնօրենին, հրավիրել ենք վերջինիս նոյեմբերի 23-ին ներկայանալու Գյումրու քաղաքապետարան` վարչական նիստի»,- ասել է Եգանյանը: