
Տիգրան Սարգսյանը պնդում է՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է:
Հարցին, թե՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ այդ հուշագիրն ուժի մեջ է, որտեղ ԲՀԿ-ն նույնպես պարտավորվել էր առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Իսկ նախորդ հարցազրույցից մինչև հիմա ի՞նչ է փոխվել…
Ես հետևյալ միտքն եմ առաջ քաշել. մենք համախմբված ենք եղել ԲՀԿ-ի հետ մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված էր, որ այդ երեք կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը 2013թ. ընտրությունների ժամանակ: Ճի՞շտ է: Եղե՞լ է արդյոք այդ երեք կուսակցություններից որևիցե մեկի կողմից պաշտոնական հերքում, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից: Ես ասել եմ` այդպիսի պաշտոնական հերքման հետ ծանոթ չեմ»:
Մարինե Մարտիորսյան