«Փյունիկում» չգիտեն Ռուբեն Հայրապետյանը բժշկին ծեծե՞լ է, թե՞ ոչ
«Փյունիկ»-«Գանձասար» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը տեղեկություններ չունի: Նա Aravot.am-ի զրույցում վերահաստատել է տեղեկությունը, թե ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը հեռացվել են աշխատանքից:
Ըստ պարոն Դանիելյանի, բժիշկն ու դարպասապահների մարզիչը ալկոհոլի ազդեցության տակ են եղել այդ օրը ու հեռացվել դրա համար, իսկ գլխավոր մարզիչը ալկոհոլ չի օգտագործել. «Ուղղակի կարգապահական, մարզական բան կա, որի հետևանքով հեռացվել է»:
Պարոն Դանիելյանը խաղից հետո բժշկի հետ Կապանից վերադարձել է նույն ավտոբուսով. «Այդ ժամանակ միասին ենք եղել: Հետո կարգապահական տույժերը հետևել են ակումբի գործադիր տնօրենի կողմից, այդ հարցերը քննարկվել են ու հեռացվել է աշխատանքից: Ես մեկ շաբաթ է՝ նրանց չեմ տեսել»:
Հարցին, առիթ կա՞ր, որ ակումբի անձնակազմը ալկոհոլ էր օգտագործել, պարոն Դանիելյանը պատասխանել է. «Քեֆ, ուրախություն չէր: Վերադառնում էին Կապանից, երևի երկար ճանապարհ է, չեմ կարող ասել, ամեն մեկի խնդիրն է»:
Հարցին, թե բժշկի մասին տեղեկություններ կան, որ անհետ կորած է ու ընտանիքի անդամներն էլ գտնվելու վայրի մասին չգիտեն, պարոն Դանիելյանը պատաասխանել է, որ անհետ կորած չէ. «Նա հայտնի մարդ է, չեմ կարող ասել, երևի հեռախոսն անջատել է: Նման տեղեկություն չունեմ: Ասում եմ ՝ մենք վերադարձել ենք ամսի 7-ի գիշերը, որից հետո ոչ գլխավոր մարզիչին, ոչ դարպասապահների մարզիչին, ոչ էլ բժշկին չեմ տեսել»:
Պարոն Դանիելյանի տեղեկացմամբ, Վարդան Մինասյանն արդեն նշանակվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, իսկ դարպասապահների մարզիչի ու բժշկի պաշտոնակատարները դեռ չեն նշանակվել: Ըստ նրա, կադրային խնդիր կա:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակված լուրերի՝ «Փյունիկ»-«Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծել է ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին ու նրա գտնվելու վայրն այս պահի դրությամբ անհայտ է:
Ոստիկանությունից aravot.am-ին տեղեկացրել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել, մանրամասներն ուսումնասիրում են: