Կարեն Վարդանյան. Էլեկտրոնային գնումների համակարգը չի վերացնի «ատկատը»
«Էլեկտրոնային գնումների համակարգի գործադրումը և «ատկատների» վերացումը մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հավելելով, որ ներկա տեսքով էլեկտրոնային գնումների համակարգն ընդամենը հայտարարությունների համակարգ է, իսկ ամբողջական գնումների համակարգը դեռևս չի գործում:
Ըստ նրա, կարելի է էլեկտրոնային գնումն էլ «ատկատ» հասկացողությամբ իրականացնել. «Էլեկտրոնային գնումներն ուղղակի թափանցիկությունն է մեծացնում: Էլի հնարավոր են չարաշահումներ: Էլեկտրոնայնությունը չի վերացնում բոլոր չարաշահումները: Մենք 11 հատ առաջարկություն ենք ներկայացրել: Եթե այդպես լիներ, միայն 1 առաջարկությամբ հանդես կգայինք»:
Հարցը, թե ե՞րբ էլեկտրոնային ամբողջական համակարգը գործի կդրվի, Կ.Վարդանյանը հորդորեց ուղղել կառավարությանը: «Այն, ինչ կախված է մեզանից, մենք անելու ենք, որպեսզի այդ համակարգը գործի դրվի: Այլ հարց է, թե երբ կգործի: Այդ հարցին միմիայն կառավարությունն է իրավասու պատասխանել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը: