Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիա ավարտվեց (լուսանկարներ)

Վերջին օրը Լիոնում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականությանը։ «Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ, Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերեւս, նվազագույն պայմանն է»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։

Հայ-ադրբեջանական խնդրից խոսելով` Սարգսյանը ասաց, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը այլատյացության նոր ալիք բարձրացրեց` հերոսացնելով քնած հայ սպային կացնահարած վախկոտ մարդասպանին։ Այս դեպքը Հայաստանի նախագահը համարեց վերջնական ապացույցը այն բանի, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Արցախի ազատամիտ ու հերոսական ժողովուրդը չի կարող ապրել այլատյացության ու ծանր հանցագործության հովանավոր պետության կազմում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ս. Սարգսյանի խոսքով՝  ամեն անգամ Ֆրանսիա այցելելիս իրեն զգում է ինչպես տանը, և այս այցի ընթացքում էլ մի քանի անգամ հրավիրեց ֆրանսիացիներին, նաև` ֆրանսահայերին, Հայաստան` բիզնես հիմնելու։

71 հազար ընկերություն համախմբող Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում ֆրանսիացի և ֆրանսահայ գործարարների հետ հատուկ այդ նպատակով հանդիպում էր նախաձեռնվել, որի ընթացքում էլ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները Սարգսյանը անընդունելի ցածր որակեց։

«Այս ցուցանիշի բարելավման հարցում, անկեղծ ասած, ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը», – ասել է Հայաստանի նախագահը։

Նա թվարկել է մի շարք պատճառներ, թե ինչով է, իր կարծիքով, շահավետ Հայաստանում բիզնես հիմնելը. Հայաստանը այս պահին Եվրամիության հետ բանակցություններ է վարում ազատականացված առեւտուր ունենալու համար, տնտեսական բարեփոխումներ է կատարել, որոնք, նախագահի խոսքով, բարելավել են ներդրումային ոլորտը, նաև ազատ առևտրի համաձայնագիր ունի ԱՊՀ-ի հետ, նույնանման փաստաթուղթ ստորագրելու համար բանակցում է Իրանի հետ։

Հայաստանի ղեկավարներից հայրենիքում բիզնես հիմնելու առաջարկ ստացած ֆրանսահայ գործարարները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում չէին շտապում ծրագրեր գծել։

Լիոնցի Ռիշար Ղազարյանը, մասնավորապես, ասել է. «Պրոբլեմը` Հայաստանը փոքր շուկա է, մեծ շուկա չէ, առևտուր անելու համար շատ դժվարություն կա»։

Հայաստանում հնարավոր չէ բիզնես հիմնել, պնդում են հայաստանցի որոշ գործարարներ` վկայակոչելով հարկային ծանր բեռը, պետական մարմիններում տիրող կոռուպցիան, գործող ծանոթ-բարեկամ սկզբունքը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` սփյուռքահայերին հրավիրելուց առաջ հարցերը կարգավորե՞լ են, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը արձագանքել է. «Կա նաև կարծիք, որ Հայաստանում հնարավոր է աշխատել, և կան գործարարներ, որոնք այդ կարծիքը միանշանակ պնդում են»։

Պաշտոնական այցի վերջին օրը, դիմելով Լիոնի քաղաքապետարանում հավաքված մի քանի հարյուր հայերին, որոնք ծնվել, մեծացել են Ֆրանսիայում, մի մասն էլ վերջին տարիներին են Հայաստանից գնացել, Սերժ Սարգսյանը ասել է. «Հայրենիքը հպարտ է իր զավակներով, ովքեր ապրելով Եվրոպայի սրտում` պահպանում են իրենց ազգային արմատներն ու լեզուն, ոգին ու հայրենիքը զարգացնելու մեծ ցանկությունը»։

«Ազատություն»

Տեսանյութեր

Լրահոս