«Թող որևէ մեկը ժողովրդի անունից չխոսի». Զոյա Թադևոսյան

Հարյուր տոկոսանոց համասնական ընտրակարգին անցում կատարելու համար, ըստ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի՝ դեռևս վաղ է: Որպես հիմնավորում՝ նրանք նաև ընդգծում են, թե հասարակությունը դեռևս պատրաստ չէ դրան: Ի պատասխան հնչող նման գնահատականներին, 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն ասաց.

«Ի՞նչ է նշանակում՝ քաղաքացին պատրաստ չէ: Այդ ո՞ր քաղաքացին է գնացել, խնդրել-աղաչել իշխանությանը, որ իրենք ունեն մեկ մեծամասնական արժանի թեկնածու, առանց որի ստրկացուցիչ վարքագծի՝ որևէ ընտրատարածք գոյություն ունենալ չի կարող: Ժողովուրդը պատրաստ է գրկաբաց ընդունել բարեփոխումները: Թող որևէ մեկը ժողովրդի անունից չխոսի: Սկզբում թող գնահատեն իրենց կատարած աշխատանքները: Ժողովրդի անունից գնահատականներ տալու իրավունք նրանք չունեն»:

Զոյա Թադևոսյանը կարծում է, որ ժողովրդի համար կարևոր է ազատ, անկախ քվեարկելու իրավունքի իրացումը, բիզնեսով չզբաղվող պատգամավորի առկայությունը, ով չի գնա ԱԺ՝ իր սեփական եկամուտներն ու փողերը բազմապատկելու նպատակով:

«Դե եկեք ժողովրդին հարցնենք, ժողովուրդն օրենքի՞, թե՞ անօրինականության կողմնակիցն է: Այդ ո՞ւմ են հարցրել, որ նման բան են ասում: Ի՞նչ է, սոցիոլոգիական հարցում են անցկացրե՞լ: Երևի թե նման հարցումներ ունեն, հա՞, նորից աղավաղված ու կեղծ տվյալներ ներկայացնող: Երևի թե դարերից եկող այն սոցիոմետրն է իրականացրել դրանք, հա՞, Ադիբեկյա՞ն, թե՞ Սուտիբեկյան անունով, չգիտեմ էլ ազգանունը: Գուցե նա՞ է նման վճռականությամբ համոզել»,- պարզաբանեց նա:

Ըստ Զ. Թադևոսյանի՝ ժողովուրդն իսկապես ցանկանում է, որ պատգամավորը կատարի իր պարտքն, ու իր տված քվեն իրացվի ժողովրդի օգտին:

ՀԱԿ ներկայացուցիչը համակարծիք է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե մեծամասնական ընտրակարգը բոնուս է իշխանությունների ձեռքին: «Ի՞նչ է՝ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես պատգամավոր, ժողովրդի մի մաս չէ՞: Մեծամասնական ընտրակարգը տեղական իշխանությունների ձեռքին ավելորդ լծակ է՝ ավելի շատ պատգամավորներ ունենալու համար, որոնք կդառնան իրենց խամաճիկային պատգամավորները»,- հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս