
Kodak-ը դուրս կգա սնանկությունից

Լուսանկարչական ապարատներ արտադրող Eastmam Kodak ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել մի քանի կրեդիտորների հետ, որոնց կողմից լրացուցիչ ֆինանսավորումն ընկերությանը թույլ կտա հաջորդ տարվա կեսերին դուրս գալ սնանկության գործընթացից։ Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Կրեդիտորները, որոնց թվում են JPMorgan Chase & Co. և UBS բանկերը, ինչպես նաև Centerbridge Capital Partners և GSO Capital Partners ընկերությունները, Kodak-ին կտրամադրեն, ընդհանուր առմամբ, 793 միլիոն դոլար։ Bloomberg-ը տեղեկացնում է, որ համաձայնությունները դեռ պետք է հավանության արժանանան դատարանի կողմից։
Գործակալությունը հիշեցնում է, որ կրեդիտորների պայմանների համաձայն՝ Kodak-ը պետք է վաճառի իր պատենտների մի մասը՝ նվազագույնը 500 միլիոն դոլար արժեքով։ Ընկերությունը հայտարարել է, որ համաձայն է այդ պայմանին։