«Լավագույն արվեստագետները շոու-բիզնեսին չեն հետաքրքրում, որովհետև նրանք փող չեն բերում. նրանք fast food չեն». Արմինե Հայրապետյան

Կան արվեստագետներ, ում ստեղծագործությունները միայն տեսնելն ու լսելը շատ քիչ է: Հաճախ ցանկանում ես իմանալ, թե ինչ հույզերի վերապրումներից հետո են նրանք ստեղծագործում, ցանկանում ես մխրճվել նրանց էության մեջ և տեսնել անտեսանելին, ցանկանում ես իմանալ՝ ինչի՞ց են նրանք հիասթափվում, ի՞նչ են երազում ու ապագայից ի՞նչ ակնկալիքներ ունեն: Այսպիսի արվեստագետներից մեկը հեղինակային երգերի կատարող Արմինե Հայրապետյանն է:

– Արմինե, երգերից մեկում ասում եք՝ «Թույլ տվեք, վերջապես, հեռանամ ձեզանից», ումի՞ց էիք ուզում հեռանալ և ինչո՞ւ:

– Այդ երգը գրվել է մոտ 12 տարի առաջ: Դա այն շրջանն էր, երբ ես որոշեցի երաժշտական ասպարեզում խոր ընդհատակ անցնել: 1999թ. Հեղինակային երգի հանրապետական փառատոնից հետո մի քանի համերգներ ունեցանք, որոնք շատ լավ անցան, բայց այդ շրջանում ես համոզված չէի՝ արդյո՞ք իմ երաժշտությունն ինչ-որ մեկին հարկավոր է, թե՞ ոչ: Ինձ թվում էր, թե ինձ գովում են, կոպիտ ասած, գեղեցիկ աչքերի համար: Բոլորովին չէի ցանկանում, որ այդպես լիներ: Ցանկանում էի համոզվել, որ իմ երգերը հերթական լյալյա-ներ չեն: Ինձ պետք էր հասկանալ նաև իմ ներաշխարհը: Այս պատճառով որոշեցի երաժշտական ասպարեզում լռել, որովհետև չէի ուզում շտապել և վայելել չվաստակած փառքի դափնիներ:

Այդ երգն ունի երկակի իմաստ: Առաջին հերթին՝ այն ընդհատակ անցնելու ներքին կոչն էր, և երկրորդը՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից արված՝ «հեղինակային երաժշտությունն իր դարն ապրել է» արտահայտությունը: «Գույնզգույն թութակ չլինելու» համար, ինչպես ասվում է երգում, որոշեցի լռել: Այս երգը պատասխան-երգ էր, այսինքն՝ ուզում էի ասել, որ ես չեմ պատրաստվում իմ երգերի մեջ ավելացնել ինչ-որ մոդայիկ հնչերանգներ, որպեսզի հնացած չհամարվեմ:

Կարդացեք նաև

– Իսկ ե՞րբ եկավ նորից «խոսելու» ժամանակը:

– Ես հանրության համար չափից ավելի ինքնավստահ մարդ եմ երևում, բայց չեք կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի ինքնաքննադատությամբ եմ օժտված: Ես անընդհատ հետ հայացք եմ գցում իմ անցած ճանապարհին և տեսնում եմ, որ կային բաներ, որոնք պետք է շտկվեին, կային պահեր, որտեղ պետք էր լռել և աշխատել:

Աշխատել՝ ոչ թե լավը դառնալու համար, այլ սեփական հոգեկերտվածքի վրա: Լռելուց հետո երբ երգեր են ստեղծվում, նշանակում է՝ պետք է երգել: Վերջին չորս տարիների ընթացքում երևի այնքան շատ երգեր եմ գրել, որ մինչև 2008 թվականն ընկած ժամանակաշրջանում չէի գրել: Այս հեղեղն այնպիսին էր, որ առաջին-երկրորդ երգերից հետո ես հասկացա, որ չեմ կարող լռել: Եթե լռեմ՝ կցնորվեմ:

– Կարելի՞ է ասել, որ Ձեր երգերը յուրօրինակ ինքնակենսագրականներ են:

– Իմ երգերն իրական են, բայց հաճախ ինքնակենսագրական չեն: Եթե որևէ մեկը խորն ուսումնասիրի իմ երգերը, հավանական է, որ կկարողանա վերականգնել շատ փաստեր, բայց ապացուցել չի կարողանա, որովհետև երգերումս ոչ միայն փաստեր և անուններ չկան, այլև երևույթներն այլաբանորեն ու պատկերավոր են ներկայացված:

Երգերս անմիջականորեն ինքնակենսագրական չեն, բայց շատ խորը թաթախված են տվյալ ժամանակաշրջանի ապրումներով: Միևնույն ժամանակ, իմ երգերից ոչ մեկը հորինված չէ, նրանք պատկերների տեսքով գալիս են, ես ուղղակի նրանց նկարագրում եմ:

– Իմ ամենասիրելի երգերից մեկում՝ «Բարև»-ում, ասում եք, որ՝ «այս արևից էլ հույս չկա»: Հույսեր կա՞ն հիմա:

– 2008 թվականին այդ երգը գրելիս՝ Վանաձորում էի: Այդ օրն այնքան անձրև եկավ, որ իսկապես արևից հույս չկար: Շատերին թվում էր, թե այդ երգը գրել եմ ամուսնուս զոհվելուց հետո: Բնավ այդպես չէ: Այս երգն իսկապես իրեն է նվիրված, երգը գրելու ժամանակ նա ողջ էր: Երգում կրկին իրողությունն այլաբանորեն է ներկայացված: Իմ շատ լավ ընկերները հաճախ ասում են, որ ստեղծագործողն ակամայից մարգարեանում է: Այս դեպքում ևս, ցավոք սրտի, ես մարգարեացա: Բայց կա արև և կա հույս: Իմ արևներն իմ երկու տղաներն են, և իմ ամենամեծ հույսը նրանց երջանիկ տեսնելու մեջ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Հավատո՞ւմ եք ճակատագրին:

– Ես հավատում եմ առաքելությանը: Չգիտեմ՝ արդյոք սա նույն բա՞նն է, ինչ ճակատագիրը: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի իր անելիքը, ինչպես ամեն դեղաբույս՝ իր նշանակությունը: Մի դեղաբույս օգնում է շուտ ապաքինվել, մեկ ուրիշը՝ հանգստացնում և թմրեցնում է, մյուսը՝ ուրախացնում է, և այլն:

Նույնկերպ մարդիկ ունեն իրենց առաքելությունը: Այդ ճանապարհին, թերևս, պետք են խոչընդոտներ, որպեսզի մենք այս կամ այն որակը ստանանք, ինչպես դեղաբույսը պետք է արևոտ վայրում աճի, որ այսինչ-այնինչ հատկանիշներն ունենա: Մարդիկ էլ են այդպիսին, այսինքն՝ այս կամ այն որակը ձեռք բերելու համար պետք է անցնեն խոչընդոտների միջով:

– Ստեղծագործելով կամ կիթառը Ձեր ձեռքը վերցնելով՝ այսօրվա իրականության դեմ բողո՞ք եք արտահայտում:

– Հաճախ են հեղինակ-կատարողներին նույնացնում ամեն ինչից հոգնած և բողոքավոր մարդկանց հետ: Իրականում այդպես չէ, ուղղակի դա արվեստագետի մի տեսակ է, որն իր ընկալած աշխարհը պատկերում է իրեն հասու միջոցներով: Յուրաքանչյուր դարաշրջանի ստեղծագործող սնվում է տվյալ ժամանակաշրջանի իրականությունից:

Եթե մեր երգերը բողոքի բնույթ ունեն, նշանակում է, որ հասարակության մեջ այդ վիճակն առկա է: Մենք հենց այնպես չենք բողոքում: Ընդհանրապես երաժշտությունն ու խոսքը շատ հզոր արտահայտչամիջոցներ են՝ և՛ բացասական, և՛ դրական հույզեր առաջացնելու համար: Ինչ վերաբերում է կիթառին, կարծում եմ, որ մարդկության հնագույն ժամանակներից ի վեր, մարդ արարածին ամենահոգեհարազատ գործիքներից մեկը կիթառն է, որովհետև այն հոգու և սրտի թրթիռին շատ մոտ ձայն է արձակում:

Ինձ համար, ցանկացած իրադրության ժամանակ, հատկապես, երբ ցանկանում եմ մենակ մնալ, կիթառը լավագույն և անդավաճան ընկեր է:

– Դուք ունեք Ձեր լսարանը, որը հենց Ձեզ է բնորոշ…

– Ճաշակը յուրահատուկ բան է: Մեկը նախընտրում է հայկական խոհանոց, մյուսը՝ չինական, մեկը՝ կծու, մյուսը՝ քաղցր համեր: Երաժշտության ընտրության հարցում սա շատ մոտ համեմատություն է: Եթե խոհանոցի դեպքում արդյունքը ֆիզիկական կերակուր է, երաժշտության դեպքում՝ հոգեկան կերակուր է:

 

 

 

 

 

 

 

 

 

Սնունդը պետք է համապատասխանի օրգանիզմին: Եթե տարիներ շարունակ սարի կաթ-մածուն կերած պապիկին փորձենք չինական խոհանոցի կերակուրներով կերակրել, ապա նա ստամոքսի խանգարում կստանա: Յուրաքանչյուր մարդ պետք է լսի այնպիսի խոսք, որը նա հասկանում է: Ես հարգում եմ բոլոր ժանրերը լսող մարդկանց, ուղղակի պետք է հասկանալ՝ ո՞րն է բնականորեն տրված և ո՞րն է արհեստածին և այլակերպված fast food: Ինչ խոհանոց էլ նախընտրեք՝ քիչ թե շատ կմարսեք, բայց fast food-ի դեպքում այդպես չէ:

Այդ պահին դուք կմարսեք այն, բայց տարիներ հետո շատ հիվանդություններ կունենաք: Նույնը և երաժշտության դեպքում է: Կան ժանրեր, որոնք իրենց զարգացման պատմությամբ բնական են, բայց, միևնույն ժամանակ, կան այդ fast food-երը: Մարդիկ պետք է հասկանան, որ չպետք է լսել այնպիսի երաժշտություն, որը ո՛չ թուրքական է, ո՛չ հունական, ո՛չ հայկական է, բայց բոլոր այդ տարրերից պարունակում է: Fast food-ից հետ վարժվելը դժվար է, որովհետև այն համեղ է, քանի որ արհեստական համեմունքներ է պարունակում: Պետք է հիշել, որ այն նաև կախվածություն է առաջացնում: Նրանք, ովքեր կկարողանան ձերբազատվել կախվածությունից՝ չեն տառապի տարբեր հիվանդություններով: Fast food իմ սննդի կետում չի վաճառվում:

Մեր մշակութային քաղաքականության մեջ շոու-բիզնես կոչվող երևույթն արվեստի հետ տարօրինակ պայքարի մեջ է մտած: Արվեստագետները չպետք է հանձնվեն: Ինչո՞ւ, օրինակ, մենք չենք ճանաչում մեր լավագույն ջութակահարներին, թավջութակահարներին, ինչո՞ւ են հեռուստատեսությամբ միայն հատուկենտ մարդիկ երևում: Մեր լավագույն արվեստագետները շոու-բիզնեսին չեն հետաքրքրում, որովհետև նրանք փող չեն բերում, նրանք fast food չեն, իսկ վերջինս շատ արագ փող է բերում:

– Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում:

– Ես այնքան լավատես մարդ եմ, որ ինձ բավական դժվար է հիասթափեցնել: Մարդկանցից և գալիք երևույթներից շատ քիչ ակնկալիքներ ունեմ, այդ պատճառով էլ քիչ եմ հիասթափվում: Միակ բանը, որից հիասթափվում և հուսահատվում եմ, մարդկանց, հատկապես՝ տղամարդկանց կողմից սեփական կաշին փրկելու համար հնչող բացահայտ սուտն է: Ինչո՞ւ տղամարդու…

Այսօր մեր հասարակության մեջ իսկական և առաքինի տղամարդու լուրջ պակաս կա: Կարծում եմ՝ մենք վաղուց մոռացել ենք, թե ի՞նչ է նշանակում՝ արդարություն և առաքինություն: Այս փոքրիկ երկրում, որտեղ մենք իսկական զինվորի, մարտիկի, զորավարի կարիք ունենք, աններելի է տղամարդկանց տեսնել բացահայտ սուտ ասողի դերում:

– Ապագայի նկատմամբ հավատո՞վ եք լցված:

– Եթե ապագայի նկատմամբ հավատ չունենայի, ապա, հավատացեք, իմ կյանքում բազմաթիվ պատճառներ են եղել, որպեսզի սոսկ գոյություն ունենայի հուսահատ ձևով և առանց որևէ երազանքի, կամ էլ ընդհանրապես գոյություն չունենայի: Ես շատ խորը հավատ ունեմ ապագայի նկատմամբ: Իմ առաքելության մեջ պետք է ծառայեմ ի բարին՝ հնարավորիս ներդնելով բոլոր ուժերս: Մի օր աշխարհը շատ բարի է լինելու: Միգուցե այդ օրը շատ հեռու է մեզանից, բայց ես կուրորեն հավատում եմ դրան: Թող ինձ երազող ասեն…

– Ինչպիսի՞ն է այսօրվա Երևանը Ձեր աչքերում:

– Ես շատ ավելի գեղեցիկ, գունեղ, մեծ և խնամված քաղաքներում եմ եղել, բայց ես սիրում եմ Երևանը: Այստեղ եմ ծնվել: Ինչպես ամեն երեխայի համար աշխարհի ամենագեղեցիկ կինն իր մայրն է, այնպես էլ ինձ համար իմ մայր Հայաստանն է ամենալավը: Իսկապես Երևանը լավ քաղաք է, ուղղակի նա դեռ պետք է մի քիչ աճի, մի քիչ զարգանա, խնամվի: Մարդիկ պետք է, ի վերջո, հասկանան, որ Երևանը բացօթյա տուն է, և ինչպես մեր բնակարանն ենք մաքուր պահում, այնպես էլ Երևանը պետք է մաքուր պահենք:

– Ի՞նչ է անհրաժեշտ Արմինե Հայրապետյանին՝ երջանիկ լինելու համար:

– Մի քիչ արևի լույս… միշտ՝ մի քիչ արևի լույս: Ես սարսափելի տխրում և նեղվում եմ, երբ խավար է: Արևի լույս ասելով՝ նկատի ունեմ նաև մարդկանց հոգու մաքուր և ոչ թե արհեստածին լույսը: Ես արհեստածին գույները չեմ սիրում, բնության գույներն եմ նախընտրում: Ցանկանում եմ, որ մարդ մնա այնպիսին, ինչպիսին կա:

Եթե մեկը մի քիչ փշոտ, կակտուսի նման ծակծկող, բայց ներքուստ շատ փխրուն է, նա այդպիսին էլ պետք է մնա: Կուզենայի, որ մարդիկ իրենք իրենցից չթաքնվեն, իրենց չխաբեն, գորշություն չտարածեն, որովհետև իրենք այդպես հիվանդանում են՝ և՛ հոգեպես, և՛ մտավոր կերպով, և՛ հաճախ ֆիզիկապես: Մարդիկ պետք է բնության հետ կապված լինեն: Ինձ հաճախ են խեղդում քաղաքակրթության արհեստածին գույները…

 

Տեսանյութեր

Լրահոս