Կրեմնիումի մատակարար` ձիաձետ

Բուժիչ նամակներ
Ձիաձետազգիները (Equisetaceae) Երկիր մոլորակի հնագույն բույսերից են, ըստ հնէաբանական ուսումնասիրությունների` 200 միլիոն տարվա ընթացքում` այս երբեմնի հսկայական չափեր ունեցող բույսերից առաջացել է քարածուխը։
Ձիաձետ դաշտայինը` Equisetum arvense, բազմամյա բույս է, որն իր զարգացման ընթացքում տալիս է երկու տարբեր տեսակի ցողուններ։ Կոճղարմատը երկար է, բարակ, սողացող, ճյուղավորվող։ Արմատային համակարգի վրա աճում են կլորավուն` ընկուզենու չափ ունեցող սննդարար արմատներ։

Վաղ գարնանը զարգանում են սյունաձև` չճյուղավորվող, հյութալի, հանգուցավոր, կարմիր ընձյուղներ, որոնց վերին մասում առաջանում է սպորակիր հասկիկ։ Սպորների հասունանալուց հետո` ապրիլ-մայիս ամիսներին, սպորակիր ցողուն-ընձյուղները չորանում են։ Դրանց փոխարեն աճում են նոր` անպտուղ ցողուններ, ուղղաձիգ` 15-50 սմ բարձրությամբ, բարակ, ճյուղավորվող, ճկուն, ամուր, կանաչ գույնի։ Ցողունի հանգույցներում օղակաձև դասավորված են թերզարգացած` բարակ, թեփուկավոր տերևները, որոնց գագաթներն ուղղված են դեպի վեր։

Արտաքուստ բույսը նման է սոճու, և դա օրինաչափ է, քանի որ և ձիաձետը, և կոնակիր փշատերևները մեր մոլորակի հնագույն բույսերն են։ Ձիաձետ դաշտայինը տարածված է Վայոց ձոր, Լոռի, Սյունիք մարզերի, Գառնի գյուղի, Իջևանի, այլ վայրերի մարգագետիններում, ցանքերում, թփուտներում, գետերի ափերին։

Անտառային ձիաձետի տերևներն ուղղված են ներքև։ Որպես բուժիչ հումք` հավաքում են բույսի վերգետնյա կանաչ զանգվածը, չորանալուց առաջ կարևոր է, որ խոտը փռված լինի բարակ շերտով, այլ կերպ հումքը կփչանա, պահպանման ժամկետը մինչև 4 տարի է։

Ձիաձետը պարունակում է մոտ 5 տոկոս բույսին բնորոշ սապոնին` էկվիզետոնին, 10 տոկոս կայծքարատներ` սիլիկատներ, որոնց մի մասն ալկալիական է և կարող է լուծվել ջրում, 8 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպեր, ազոտային միացություններ, խեժանյութեր, դաբաղանյութեր, չբացահայտված բնույթի դառնանյութ, թթուներ` խնձորի, ակոնիտի, թրթնջուկի, կայծքարի, ալկալոիդ պալյուստրին։

Բույսը հարուստ է ասկորբինաթթվով, պարունակում է կարոտին, ֆլավոններ` իզոկվերցիտին, լյուտեոլին, էկվիզետրին։

Բույսն ունի միզամուղ, հակաբորբոքային, կապող հատկություն, արագացնում է սրտի աշխատանքը, կանգնեցնում է արյունահոսությունը, նպատում է վերքերի արագ ապաքինմանը, կարգավորում է ջրի բաշխումը օրգանիզմում` ջրի և աղերի փոխանակման գործընթացը, հեռացնում է խոլեստերինի ավելցուկը, թունավոր և այլ վնասակար նյութերը։

Ձիաձետն ընդգրկում են հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և հոդատապի բուժման համար նախատեսված դեղաբուսային խառնուրդներում։ Որպես միզամուղ և հակաբորբոքային միջոց` օգտագործվում է այտուցների, երիկամների և միզապարկի հիվանդությունների բուժման համար։ Ձիաձետն ազդեցիկ միջոց է լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, աղեստամոքսային համակարգում առաջացող նորագոյացությունների, ռևմատիզմի, աչքի հիվանդությունների դեպքում։

Ձիաձետ դաշտայինի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրում է. «Ամվաճը օգնում է ստամոքսի և լյարդի խոցի դեպքում։ Ամրացնում է լնդերը։ Բայց վնասակար ազդեցությունը չեզոքացնում է դաղձը։ Եթե ձիաձետը ճզմեն, հյութը քամեն և կաթեցնեն քիթը, կդադարեցնի արյունահոսությունը։ Արմատի եփուկն օգնում է խեղդող հազի դեպքում»։

Գիտական բժշկությունը մեծ դեր է տալիս այս բույսին, որի բուժիչ հատկությունները հիմնականում բացատրվում են կայծքարաթթվի և մասամբ գլիկոզիդ լյուտեոլինի ազդեցությամբ, որն ունի հակամանրէ հատկություն։ Ժողովրդական բժշկությունը կիրառում է ձիաձետը թոքերի հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, ստոմատիտի, լնդերի բորբոքման` ողողումների ձևով, դժվար լավացող վերքերի և միզապարկի հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է օգտագործել սրտային և երիկամային անբավարարության դեպքում, պետք է զգուշանան նեֆրիտով հիվանդները։
Կրեմնիում։

Մարդիկ վաղուց ի վեր նկատել են, որ կրեմնիումն ունի ախտահանող հատկություն. կրեմնիումով պատել են մսի պահեստները, ջրհորների հատակը և ներքին մակերեսը։ Կրեմնիումով թրմված ջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, քանի որ նպաստում է աղիների միկրոֆլորայի վերականգնմանը, կարգավորում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, երիկամների աշխատանքը, նպաստում է մազերի և եղունգների ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը, քանի որ բարձրացնում է անոթների առաձգականությունը, լավացնում է արյան որակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը։

Կրեմնիումը սպիտակուցների հետ համատեղ` մասնակցում է ֆերմենտների, ամինաթթուների, հորմոնների առաջացմանը։ Ապացուցված է, որ կրեմնիումի անբավարարության դեպքում չեն յուրացվում 74 կարևորագույն տարրեր։ Էլեկտրական ձգողականության շնորհիվ կրեմնիումը դեպի իրեն է քաշում ջրի հետ կոլուդային միացություններ կազմած վնասակար նյութերը, նաև կլանում է արյան և աղիների մեջ գտնվող վնասակար միկրոօրգանիզմները և վիրուսները։

Կրեմնիումը մարդու օրգանիզմում պարունակվող հիմնական ստրուկտուրային տարրն է, այն համարվում է երիտասարդություն պարգևող տարր, քանի որ դրա միջոցով է ապահովվում բոլոր հյուսվածքների, ջղերի, երակների, ոսկրերի ամրությունը։
Կրեմնիումը հսկայական է դեր է կատարում ստորգետնյա ջրերի մաքրման համար, որոնք դուրս են գալիս աղբյուրներից կամ արտեզյան ջրհորներից։

Ընդամենը 1 խորանարդ սանտիմետր ծավալ ունեցող կրեմնիումի բեկորը կարող է զտել 1000 լ ջուր։
Կրեմնիումով հարստացած ջուր ստանալու համար.

  •   Հումքը 3-5 օր թրմեք եռացրած-սառեցրած ջրում, (1։200) ոչ մութ, սակայն արևի ճառագայթներից հեռու տեղում, տարայի հատակում առաջացած նստվածքից պետք է զգուշորեն ազատվել։ Ակտիվացված ջուրը պահեք կիպ փակված տարայում, այն երկար ժամանակ կպահպանի իր հատկությունները։ Այս ջրով կարելի է ճաշ պատրաստել։

Խստորեն արգելված է խմել այն ջուրը, որի մեջ կրեմնիում է եռացվել. թրմել միայն սենյակային ջերմաստիճանի ջրում։
Կրեմնիումով ակտիվացված ջուր ստանալու համար.

  • 1 ճ/գ ձիաձետի մանրացրած խոտը դրեք թանզիֆե պարկիկի մեջ և կիսով չափ իջեցրեք 1 լ ջրով լցված ապակե տարայի մեջ։ Թրմեք 12 ժամ։ Խմեք օրը 200 մլ։

Խոտաբույսը վաճառվում է դեղատներում։ Կրեմնիումով հարստացրած ջուրը լուծում է ավազը, քարերը, թունավոր նյութերը, հեռացնում է օրգանիզմից կապարը և այլն։

Զգալի քանակությամբ կրեմնիում են պարունակում տատրակի և մատիտեղ թռչնի խոտերը, նաև սպանախը, վարունգը, կարմիր բողկը, վարսակը, գարին, մարոլը և այլն։

Տեսանյութեր

Լրահոս