«Հայաստանի գործող քաղաքական վերնախավը գրեթե 100 տոկոսով պետք է փոխվի». Հարություն Մեսրոպյան
«Հայաստանում դասական իմաստով ընդդիմադիր ուժ չկա, քանի որ բոլոր ուժերն այս կամ այն ձևով եղել են իշխանություն կամ կոալիցիայի միջոցով կամ իրոք իշխանություն են ունեցել և գրեթե պահել են իրենց այնպես, ինչպես այսօր իրենց պահում են այսօրվա իշխանությունները:
Հետևաբար, ցանկացած նոր ձևաչափեր գտնելը, նոր օրինաչափություններ կազմելը, պետության կառավարման համակարգը նախագահականից խորհրդականականի փոխելը, ինձ համար ոչ մի արժեք չունեն, որովհետև, դժբախտաբար, մեզ մոտ խնդիրը ոչ թե միայն համակարգի մեջ է (որովհետև համակարգը միանշանակ պետք է փոխել), այլ մենք ունենք ևս մի կարևոր խնդիր` այսպես կոչված, քաղաքական վերնախավի անորակ լինելը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի և Դաշնակցության` խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին` ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Եթե մենք ունենայինք բավական առողջ, գիշեր-ցերեկ ազգի և պետության մասին մտածող վերախավ, և այժմ խոսքը գնար բացառապես կառավարման համակարգը փոխելու մասին, ես դեռ կուզենայի մի երկու խոսք ասել: Բայց քանի որ Հայաստանում քաղաքական վերնախավն էլ է անորակ, այս պարագայում ցանկացած քննարկում դառնում է անիմաստ: Այս 21 տարիների ընթացքում գործող վերնախավը գրեթե 100 տոկոսով, բացառությամբ մի քանի գործիչների, ուղղակի պետք է փոխվի, որովհետև հենց իրենք են արգելափակում Հայաստանի առաջընթացը»,- ասաց նա:
Իսկ հարցին` այդ դեպքում ո՞րն է քաղաքական ուժերի իրական նպատակը, կառավարման փորձագետը պատասխանեց. «Քանի որ մեզ մոտ 21 տարի ցանկացած քաղաքական երևույթ հանգում է առևտրի, մեր, այսպես կոչված, քաղաքական ուժերը սկսում են ակտիվանալ ընտրություններից առաջ` առևտրական տեսանկյունից ելնելով: Իսկ ո՞րն է առևտրական տեսանկյունը, սեփական գին բարձրացնելը, որպեսզի ավելի թանկ ծախվեն»: