
Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում

Նոյեմբերի 13-14-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում է տեղի ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Մասնակի խավարումը կսկսվի նոյեմբերի 13-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 19:37:58, իսկ լրիվ խավարումը՝ 20:35:08: Ժամը 22:12:55-ին կլինի առավելագույն փուլը, որը կտևի 4 րոպե 2 վայրկյան:
Լրիվ խավարումը կավարտվի 23:48:24-ին, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ՝ մասնակի փուլը)՝ նոյեմբերի 14-ին ժամը 00:45:34-ին: Խավարումը հնարավոր է դիտել հյուսիսային Ավստրալիայից սկսած, Խաղաղ օվկիանոսի վրայով մինչև չիլիական Խուան Ֆերնանդես կղզիները: Հայաստանից խավարումը չի դիտվելու: Այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից երկրորդն է: