Քանի՞ գնդակ կխփեն նախագահական ընտրություններում
168.am-ը հետաքրքրվեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից, թե որքանո՞վ են տարբերվում իր կենտրոնի և «Գելլափ» ընկերության կողմից անցկացված հարցումները: Հիշեցնենք, որ ըստ «Գելլափի»՝ հարցվածների 28%-ն իր ձայնը տալու է ՀՀ գործող նախագահին, իսկ 19%-ը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Ի պատասխան, Ահարոն Ադիբեկյանն ասաց, թե խորհրդարանական ընտրություններում իրենք ամենաճիշտն են կռահել արդյունքները. ««Գելլափ հայկական ասոսիեյշնը» նախորդ ընտրություններում կանխատեսումն ու էքզիթ-պոլը սխալ էր տվել»:
Նաև հավելեց. «Եթե նախկինում Ներքին Վերնաշենի ձայները հիմնականում գնում էին ՀՀԿ-ին, կոալիցիայի անդամներին, ապա հիմա բոլոր կուսակցությունները ձայն են վերցրել տեղում, ուրեմն՝ նշանակում է, որ բավականին արդար ընտրութուններ են եղել, ու մենք 100 տոկոսանոց կանխատեսում էինք արել»:
Հարցին, թե, այնուհանդերձ, իր հարցումների համաձայն՝ ՀՀ նախագահը հաղթահարո՞ւմ է «Գելլափի» նշած 28% ձայների շեմը, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Դա սպորտ լոտոյի կամ եվրոֆուտբոլի նման է. թե խաղն ինչպե՞ս կավարտվի, ո՞ւմ հաղթանակով՝ սա մի կանխատեսում է, իսկ թե քանի՞ գնդակով՝ սա մեկ այլ կանխատեսում է»:
Սոցիոլոգի ասելով՝ տվյալ դեպքում կարևորը հաղթողին ճիշտ կանխատեսելն է: