«Ոմանք ծխում են, որովհետև մոդայիկ են իրենց զգում»

Հայաստանում այսօր գրանցված է շաքարախտով հիվանդ 56.000 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ, Էրեբունի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ,  «Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի» նախագահ Էլզա Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում շաքարախտի տարածումն այնպիսի վիճակում է, ինչպես ամբողջ աշխարհում. «Աշխարհում այսօր շաքարախտն ընդունվում է որպես համաճարակ, որովհետև շատ աղետային թվերով և ձևով այն ավելանում է: Ցավոք սրտի, մինչև այսօր մենք չենք կարողանում կասեցնել դրա ընթացքը»,- ասաց Էլզա Հայրապետյանը:

Նրա հաղորդմամբ՝ հաշվարկվում է, որ ամբողջ աշխարհում 2030-ին 530 մլն շաքարախտով հիվանդ կլինի: Տարեկան շաքարախտից մահանում է 4,3 մլն մարդ: «Իսկ ամբողջ աշխարհում շաքարախտի բուժման վրա ծախսվում է 460 միլիոն դոլար: Սա կատաստրոֆիկ թիվ է: Շատ ավելի էժան կնստի պետության վրա շաքարախտի կանխարգելումը, քան բուժումը»,- նշեց Երևանի գլխավոր էնդոկրինոլոգը:

Ըստ նրա՝ հիվանդությունը կանխարգելելու համար` մարդը պետք է ապրի ճիշտ. «Շատ-շատերը դրանից հեռու են, առավել ևս Հայաստանում, երբ հայերը չեն սիրում հետևել իրենց առողջությանը: Վնասակար սովորությունները չափից ավելի են արմատացած մեր ազգում: Օրինակ` ծխելը, սպորտով չզբաղվելը: Ցավոք սրտի, հիշում են ֆիզկուլտուրայի մասին միայն այն ժամանակ, երբ կորցրել են առողջությունը: Հայերը չեն սիրում ճիշտ ռեժիմով սնվել: Դիետա բառը բոլորի մոտ առաջացնում է բացասական էմոցիաներ, որովհետև ընդհանրապես չեն հասկանում`ինչ է նշանակում դիետա: «Դիետան» հունարեն բառ է, որն ընդամենը թարգմանվում է առողջ ապրելակերպ: Դիետա ասելով`մենք, չգիտես ինչու` հասկանում ենք այս ուտել, այն չուտել»:

Կարդացեք նաև

«Շաքարախտը մի հիվանդություն է, երբ մենք օրգանիզմում ունենում ենք գլյուկոզայի յուրացման հետ խնդիրներ` կապված ինսուլինի ազդեցության հետ: Մի դեպքում դա կարող է լինի ինսուլինի բացարձակ անբավարարություն, այս դեպքում մենք ունենք թիվ մեկ շաքարախտ, և մենք ունենք ինսուլինի բացակայություն, երբ մենք ունենք թիվ երկու շաքարախտ: Ահա այս դեպքում է, որ հիվանդին կարելի է բուժել շաքարն իջեցնող հաբերով»,- բացատրեց էնդոկրինոլոգը: Նա նաև նշեց, որ շաքարախտը սթրեսային հիվանդություն է, լարվածության հիվանդություն, որը սխալ ապրելու հետևանք է: Ըստ նրա`շաքարախտն ավելի բարվոք հիվանդություն է այն իմաստով, որ դրա բանալին յուրաքանչյուրի ձեռքում է:

Էլզա Հայրապետյանի խոսքով`աշխարհում մեծ աշխատանք է տարվում ծխողների թիվը նվազեցնելու համար, և բավական  առաջընթաց կա այդպիսի երկրներում. «Իսկ ի՞նչ  է կատարվում Հայաստանում: Նույնիսկ տասը տարի առաջ այս քանակի կանայք և աղջիկներ չէին ծխում: Ոմանք ծխում են, որովհետև մոդայիկ են իրենց զգում: Ես ստիպված եմ ասել,  որ նրանք մոդայի մեջ չեն, մոդայից դուրս են, որովհետև ամբողջ աշխարհում ամոթ է համարվում ծխելը: Նախ` մտածում են, որ կողքինը հավանաբար մտավոր ունակություններից թույլ է և չի հասկանում ծխախոտի ծխի վնասների մասին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս