«Նախագահը ցույց տվեց, որ ունի դմբուզ, ատամներ և սուր հայացք»
Թե ինչպիսի՞ն կլինի առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների վարկանիշը, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ տոկոսայի հարաբերակցություները պարզ կլինեն դեկտեմբերին, երբ կներկայացվի նախագահի թեկնածուների ցուցակը:
Չնայած դրան, սոցիոլոգը հրապարակեց նախնական վարկանիշային ցուցակը՝ առանց թվերի՝ նշելով նաև, որ հարցվածների 20 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, թե ում է տալու ձայնը: «Թվերով չեմ ասի, առաջինը՝ Սերժ Սարգսյանն է, երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանն է, երրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյան են, հետո գալիս են ՀՅԴ ներկայացուցիչները՝ Վահան Հովհաննիսյանը և Արմեն Ռուստամյանը»,- ասաց Ա. Ադիբեկյանը, ում փոխանցմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը երբեք 10 տոկոսը չի անցել, իսկ ներկա վարկանիշը տատանվում է 14 տոկոսի սահմաններում:
Սոցիոլոգի ասելով՝ թեև ՀՅԴ-ի ներկայացրած ծրագիրը բավական լավն է, բայց, ինչպես երաշտության ասպարեզում` կարելի է գրել լավ սիմֆոնիա, բայց վատ կատարել:
«Հենվելով այն բանին, որ խորհրդարանական ընտրություններում նրանք առավելություն չստացան իրենց ներկայացրած ծրագրի առումով՝ փորձ են անում միավորել ընդդիմութունն այդ ծրագրի շուրջ: Եթե փորձենք այդ ծրագիրը համեմատել ՀԱԿ-ի կարգախոսների հետ, երբ ամբաստանում էին գործող իշխանություններին, որ նրանք ավազակապետություն են, իշխանությունը բռնի կերպով ձեռքում պահող օիլգարխներ են, ապա պարզ է, որ ՀՅԴ-ի ավելի օբյեկտիվ, բարեկիրթ լեզվով գրված ծրագիրը ՀԱԿ-ի ոչ մի կարգախոսի հետ չի կարելի համեմատել: Ուրեմն` ՀԱԿ-ն արդեն դուրս է մնում այն շրջանակից, որ կարող է հայտնվել այդ ծրագրում՝ որպես աջակից»,- նշեց սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Ա. Ադիբեկյանի դիտարկմամբ՝ կուսակցության դիտակետից դուրս է մնում արտաքին քաղաքականությունը, և այստեղ խնդիրը մնում է տնտեսական հարցերի լուծումը: «Ոչ իշխանական ձայների ընկերական մասը, որ պատկանում է ԲՀԿ-ին, դուրս է մնում ՀՅԴ-ի ակնկալվող աջակիցների շարքից, ուրեմն՝ նրանք մնում են միայնակ, կամ նրանց կողքը կմնան փոքր կուսակցություններ, որոնք, որքան էլ զրոներն իրար գումարես, միևնույնն է՝ ստանում ես զրո: Հետևաբար` դաշնակները կմնան միայնակ՝ շատ գեղեցիկ օպերային պարտիայով, բայց ամբողջ դրամատիկ ներկայացում չի լինի, այլ կլինի մի արիա, որը նրանք կերգեն և դրանով կբավարարվեն»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին, Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Դուք լսե՞լ եք, որ Գագիկ Ծառուկյանը խոսի արտաքին առաջնահերթ խնդիրների մասին, վերլուծի հայ-թուրքական հարաբերությունները, հայ-ՆԱՏՕ հարաբերությունները՝ երբեք: Նա ընդամենը խոսում է տնտեսականի վրա հիմնված, դիմում է հասարակ ժողովրդին, որը գտնվում է տնտեսապես ոչ բարելավ վիճակում՝ խոստանալով բարելավել նրանց վիճակը: ԲՀԿ-ի կողքին գտնվողները չեն շոշափում արտաքին քաղաքականությունը, և հնարավոր է` մեկումեջ խոսեն Եվրախորհրդի, Եվրամիության հետ հարաբերությւնների մասին, և դրանով ավարտվեն»:
Անդրադառնալով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ սոցիոլոգն ասաց, թե նա բավական ակտիվ քայլերի է դիմում` հանդիպումներում հրահանգներ է տալիս, հետաքննություն է կազմակերպում և այլն: «Եթե նա այդ ակտիվությունը ցուցաբերեր նախորդ երեք տարիներին, ապա մենք կունենայինք, իրոք, շատ տաղանդավոր նախագահ, բայց, կարծես, առաջին փուլում նա ակտիվացավ, և ընտրողների մի մասի մեջ հույս կծագի, որ կարող է շարունակել այդ ակտիվ գործողությունները հաջորդ վերընտրության շրջանում: Բայց բոլոր դեպքերում` նա ցույց տվեց, որ ունի դմբուզ, ատամներ, սուր հայացք՝ ամեն ինչ տեսնում է, նկատում է, բայց չի կարող մի մարդ պատասխանատու լինել ամբողջ երկրի կարգապահության համար»,- ասաց Ադիբեկյանը: