Կհասցնի՞ Աճեմյանը սատարել նախագահ Սարգսյանին, թե՞ նրան պաշտոնանկ կանեն

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՍԴՀԿ 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը հանդիսավոր էր` անվանումով, իսկ էությամբ` ողորմելի: Դահլիճը կիսադատարկ էր, իսկ ելույթները` կիսաընդդիմադիր-կիսաքծնողական: Այն նախաձեռնել էր ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նոյեմբերի 5-ին նրան ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ նոյեմբերի 6-ին` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աճեմյանը հանդիսավոր նիստի ժամանակ ունեցած իր ելույթում բացատրել էր, որ չի ուզում հայտարարել նախագահ Սերժ Սարգսյանի սատարման մասին, քանի դեռ նախագահ Սարգսյանը պաշտոնապես չի առաջադրվել, սակայն իր գոհունակությունը հայտնեց նախագահի և վարչապետի կողմից վարվող քաղաքականության և դրա արդյունքների նկատմամբ:
Աճեմյանի հանդիպումները և նրա հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել կուսակցության սփյուռքի կառույցներում, և հնարավոր է, որ Սեդրակ Աճեմյանը դրանց արդյունքում զրկվի ՍԴՀԿ ատենապետի պաշտոնից, եթե, իհարկե, դժգոհողները խոսքից գործի անցնեն:

Նախ` սկսենք հանդիպումներից: Աճեմյանը նախագահ Սարգսյանի և վարչապետ Սարգսյանի հետ հանդիպել է միայնակ: Սա նշանակում է ընդամենը մեկ բան. ՍԴՀԿ-ն ես եմ: Երբ Հայաստան են գալիս ՀՅԴ կամ ՌԱԿ արտասահմանյան կառույցների ղեկավարները և հանդիպում են երկրի ղեկավարության հետ, ապա հանդիպումները միշտ կոլեկտիվ բնույթ են կրում:

Աճեմյանի հետ Հայաստան էր այցելել ՍԴՀԿ ԿՎ անդամ Վազգեն Կալթախչյանը: Հայաստանը Կենտրոնական վարչությունում ներկայացնում է նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը: Սեդրակ Աճեմյանը նախագահի և վարչապետի հետ հանդիպումների կարող էր գնալ ԿՎ վերոհիշյալ երկու անդամների հետ: Սակայն Աճեմյանն իր միայնակ գնալը ներկայացրել է` որպես նախագահ Սերժ Սարգսյանի ցանկություն: «Նախագահն ուզում է միայն ինձ հետ հանդիպել»,- կուսակիցներին ասել է Աճեմյանը:

Կարդացեք նաև

Կուսակիցներն էլ մտածում են, որ նախագահ Սարգսյանը պատճառ չունի իրենց հետ շփումից հրաժարվելու, և կասկածում են, որ Աճեմյանը հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ ոչ թե կուսակցական օրակարգով, այլ իր անձնական խնդիրները քննարկելու համար:

ՍԴՀԿ-ն ես եմ, ես սատարում եմ Ձեզ` դրա դիմաց ակնկալելով ինչ-որ բան: Մյուս խնդիրն այն է, որ, զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով, Սեդրակ Աճեմյանն իրավունք չունի հայտարարելու Սերժ Սարգսյանին սատարելու մտադրության մասին: Համահնչակյան վերջին համագումարը տեղի է ունեցել 2009թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Այդ համագումարին ներկա են եղել ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները, այդ թվում և` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Համագումարը հայտարարություն է տարածել, ըստ որի` ՍԴՀԿ-ն շարունակում է ՀԱԿ-ի կազմում պայքարել երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման համար:

Այսպիսով` Աճեմյանը շեղվում է համագումարի կողմից ընդունված որոշումներից: Աճեմյանը և նույնիսկ ԿՎ-ն իրավունք չունեն քաղաքական կուրսը փոխելու որոշում կայացնելու, նրանք ընտրված են համագումարի որոշումներն իրականացնելու, այսպես ասած` կյանքի կոչելու համար: Այն, ինչ անում է Աճեմյանը, ոչ այլ ինչ է, քան ինքնագործունեություն:

Մեր ունեցած տեղեկություններով` Աճեմյանի այս գործունեությունը բավական վատ է ընդունվել ՍԴՀ ԿՎ անդամների`սփյուռքի ընկերների կողմից: Մասնավորապես Կիպրոսը ներկայացնող Հակոբ Տիգրանյանը, ԱՄՆ-ից Համբիկ Սարաֆյանը և Գրիգոր Խոտանյանը, ով ՍԴՀԿ ատենադպիրն է ներկուսակցական քննարկումների ժամանակ, իրենց դժգոհությունն են արտահայտել Սեդրակ Աճեմյանի գործունեությունից, և նույնիսկ կոչեր են հնչել նրան պաշտոնանկ անելու վերաբերյալ: Ոմանք կողմ են դեռ սպասելուն և կարծում են, որ չարժե մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել:

Աճեմյանի պաշտոնանկության հարցը կարող է լուծել ԿՎ անդամների մեծամասնությունը. այնտեղ այժմ 8 անդամ կա` Գուրգեն Եղիազարյանի անդամությունը սառեցված է: Առաջարկներ կան հրավիրել համահնչակյան արտահերթ համագումար:
Խնդիրն այն է, որ եթե Սեդրակ Աճեմյանն իսկապես հեղինակություն է վայելում իր ղեկավարած կուսակցությունում, և նա ցանկություն ունի հայտարարելու, որ ՍԴՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա պետք է հրավիրեր արտահերթ համագումար, և համագումարը համապատասխան որոշում կայացներ:

Բայց եթե նա միայնակ գնում է նախագահի հետ հանդիպման և նրան հայտնում է, որ իր ղեկավարած կուսակցությունը պաշտպանում է իրեն, ապա դա նույնիսկ մեկ ձայնի չափով չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ Աճեմյանն ինքը ՀՀ քաղաքացի չէ և չի կարող քվեարկել որևէ թեկնածուի օգտին, անգամ, եթե պաշտպանում է նրա թեկնածությունը: Ընդհակառակը` բարձրացված աղմուկը և դժգոհությունը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ:

Սեդրակ Աճեմյանի գործունեության արդյունքում այսօր Հայաստանում կա «հնչակյան» անվանումով չորս կուսակցություն: Այդպիսի ռեկորդ դեռևս ոչ մի կուսակցություն չի սահմանել: Համենայնդեպս` Հայաստանում: Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ղեկավարում է Էռնեստ Սողոմոնյանը` «Հանրապետություն» և ԲՀԿ խմբակցությունների նախկին անդամ, Հնչակյան կուսակցության անտենապետը Հրանտ Ամիրյանն է, ով Հայաստանի ամենահին հնչակյանն է:

Եվս երկու կուսակցություններ դատական կարգով վիճարկում են, թե ով իրավունք ունի կրելու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անվանումը: Կուսակցություններից մեկի ատենապետը ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է, մյուսինը` Գևորգ Պերկուպեկյանը: Աճեմյանը, որպես օրինական հնչակյան, ճանաչում է միայն Պերկուպեկյանի գլխավորած կուսակցությունը: Բայց Աճեմյանի ճանաչել-չճանաչելը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում. Հայաստանի դատարանը կարող է այլ վճիռ կայացնել: Բացի այդ, Աճեմյանն այժմ ավելի կարևոր խնդիր պետք է լուծի. նրան պետք է որպես ատենապետ ճանաչեն հնչակյան կուսակիցները:

Տեսանյութեր

Լրահոս