«Որքան ես մոտենում եմ արվեստին, այնքան մարդիկ ինձնից հեռանում են»

Ասում է Գերմանիայում բնակվող գեղանկարիչ Կամո Թումասյանը

Անցյալ տարի Գերմանիայի հյուսիսում գտնվող «Քունսթ ֆերայն» պատկերասրահում կայացած գեղանկարիչ Կամո Թումասյանի անհատական ցուցահանդեսը մեծ արձագանք ստացավ գերմանական լրատվամիջոցներում: Այդ ցուցահանդեսից հետո հայ նկարիչը հրավերք ստացավ ցուցադրվելու Վուպերթալ քաղաքում գտնվող Արմին Վեգների տուն-թանգարանում, որտեղ ոչ բոլորին է հաջողվում ցուցադրվել, քանի որ այս թանգարանը մեծ հեղինակություն է վայելում ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ կյանքի վերջին տարիներին Իտալիայում բնակվող Ա. Վեգներն ուներ Ցեղասպանության մասին փաստագրական լուսանկարչական արխիվ և նույնիսկ դիմել էր Գերմանիայի կառավարությանը` այդ փաստագրությանը ծանոթանալու համար: Նրա մահից հետո էլ (1968թ.) Ա. Վեգների տուն-թանգարան այցելում են աշխարհի բոլոր երկրների արվեստասերները և առհասարակ զբոսաշրջիկները` նաև ծանոթանալու համար տուն-թանգարանում ներկայացված Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերին: Գերմանիայում յուրաքանչյուր տարի անցկացվում են «Արմին վեգներյան» օրեր, որի շրջանակներում հրավիրվում են աշխարհի տարբեր երկրների երաժիշտներ, լուսանկարիչներ, գեղանկարիչներ: Ինչպես նշեցինք` այս տարի տուն-թանգարանում ներկայացվել է Կ. Թումասյանի նկարչությունը, որտեղ հատուկ հրավիրյալների մեջ է եղել նաև Հրանտ Դինքի տիկինը:

Վերջին երկու ցուցահանդեսների առիթով մեր հայրենակից Կամո Թումասյանի նկարչության մասին գերմանական մամուլը բավականին հետաքրքիր ու դրական վերլուծական նյութեր է տպագրել: Կ. Թումասյանը 1990-ից բնակվում է Գերմանիայում, սակայն գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան: «Մատիսն ասում էր` եթե ուզում ես նկարիչ լինես, պետք է լեզուդ կտրես: Չգիտեմ, ինչ պիտի խոսենք, անկեղծ ասած` ես սովորաբար նկարչության լեզվով եմ խոսում, իսկ բառերով վատ եմ արտահայտվում: Ու հետո` ինչքան շատ խոսում եմ` ավելի քիչ եմ նկարում»,- ասում է Կ. Թումասյանն, ում հետ, այնուամենայնիվ, հաջողվեց զրուցել տարբեր թեմաների շուրջ:

Կարդացեք նաև

– Գերմանիայում միլիոնավոր նկարիչներ ու նույնքան էլ գալերեաներ կան, ու չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: «Քունսթ ֆերայն» կոչվող պատկերասրահներն Արվեստի միությունների պատկերասրահներն են: Ամեն մի փոքրիկ քաղաքում գոյություն ունեն մեծ թվով գալերեաներ ու թանգարաններ: Որոշ մասը պետական են, բայց, անշուշտ, շատ են նաև մասնավոր թանգարանները, որոնց սեփականատերերը կոլեկցիոներներն են: Սովորաբար կոլեկցիոներները մեծ տարիքում փորձում են իրենց հայրենիքում ցուցադրել իրենց ունեցածը, որի նպատակը ոչ թե վաճառքն է, այլ` այն հանրությանը ներկայացնելը: Վաճառքը կազմակերպում են գալերիստները, որոնց հետ աշխատելը շատ բարդ է, քանի որ իրենց երկրի` Գերմանիայի նկարիչները շատ են: Ամեն քաղաքում մոտ 2000 նկարիչներ կամ գուցե նկարողներ կան:

– Ես կարծում էի` Դուք աբստրակցիոնիստ եք, բայց Ձեր արվեստանոցում տեսա շատ ֆիգուրատիվ գործեր:

– Աբստրակցիոնիստ պիտակավորում գոյություն չունի, որովհետև, երբ նկարչի վրա դնում ես այդ անունը` նա նմանվում է «աղանդավորականի», միակողմանի մտածելակերպ կրողի: Իմ ընկերները հիմա կջղայնանան ու չեն ընդունի ասածս, բայց ոչինչ: Իսկական նկարիչն արդեն վերացարկող է, և չի կարելի դասակարգել: Չեմ ընդունում, երբ սկսում են տեսակավորել` ֆիգուրատիվ, ոչ ֆիգուրատիվ, աբստրակցիա, և այլն: Ես նկարում եմ նկարչությունը, այլ ոչ թե նկարում եմ ինչ-որ մի ուղղություն:

Ինձ համար գոյություն ունի մեկ դասակարգում` նկարը կամ հաջողվել է, կամ` ոչ: Ինձ հետաքրքիր է նկարչական պրոցեսը, ընթացքը, և երբեք հետաքրքիր չէ, թե արդյունքում նկարը նոնֆիգուրատի՞վ, ֆիգուրատի՞վ, թե՞ աբստրակտ է: Նկարն ինձնից ինչ-որ բան է սպասում, և ես պատասխանում եմ նկարչությամբ: Թող ուրիշներն ասեն` ես աբստրակցիոնիստ եմ, իսկ ես միայն կասեմ` նկարում եմ նկարներ, որոնք վերացակա՞ն են, վրացակա՞ն են, թե՞ ֆիգուրատիվ` կարևոր չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1950-ականներին Եվրոպայում շատ մեծ վեճեր առաջացան աբստրակցիոնիստների և առհասարակ նկարիչների միջև: Արդյունքում եկան այն մտքին, որ աբստրակցիան այն նվաճումներից վերջին կետը չէ, ու այնպես չէ, որ բոլոր արվեստագետները պետք է աբստրակտ նկարեն: Ես որսորդ եմ, որսում եմ ամեն տեղից, մինչև անգամ իմ միջից ինչ-որ մտքեր, որոնք ներկերի միջոցով արտացոլվում են կտավի վրա: Ինձ մոտ չկան թեմաներ, գաղափարներ, ուղղություններ, տաբուներ, որովհետև ես նկարում եմ նյութը: Հեղուկը, գույնը, նյութն իրենք իրենցից ինչ-որ բան ցույց են տալիս, բայց այն, ինչ իրենք ցույց են տալիս` ես բերում եմ աշխարհ: Ես որսում եմ իմ աչքի առաջ ծնվող պահերը ու գնում եմ դրանց ետևից:

– Հա՞շտ եք Ձեր կտավի հետ: Երբ կանգնում եք սպիտակ մակերեսի առաջ, անմիջապես հաղորդակցվո՞ւմ եք, թե՞ պատահում է, որ կտավը կամակոր է դառնում:

– Օ, կռիվ եմ տալիս կտավի հետ, որովհետև ինքը չի ցանկանում ստանալ այն, ինչ ես եմ ուզում: Չի ցանկանում ցույց տալ այն, ինչ ես եմ ուզում: Ընթացքում ես այնքան եմ մրցում իր հետ՝ հասկանալու համար, թե ինձնից ի՞նչ է ուզում և, ի վերջո, ի՞նքն է հաղթելու, թե՞ ես: Նկարելու պրոցեսում միշտ մեզնից մեկը հաղթում է: Կտավն ու ներկերն իմ դեմ են, և իմ դժվարությունը դա է, հետևաբար` եթե կարողանում եմ իրենց հաղթահարել, ուրեմն՝ հաղթել եմ:

– Բայց ինչպե՞ս կարող են իրերը չենթարկվել մարդուն:

– Շատ նուրբ աշխարհ է: Տարբեր նյութեր տարբեր ձևով են իրենց դրսևորում: Գույների սպեցիֆիկան, քիմիան, նրբերանգները շատ դեպքերում այնքան կամակոր են, որ չես կարողանում ճանաչել իր էությունը: Հասկանալու համար, թե կտավը քեզնից ինչ է ուզում, նախ պիտի սկսես մակերեսը ծածկել, որից հետո նկարը սկսում է քեզ թելադրել, ասելով՝ ես գալիս եմ: Ու սկսում է հնազանդվել:

– Գերմանիայից վերադառնալուց հետո հիասթափություն չե՞ք ապրում: Այստեղ ժամանակակից նկարիչները, մեղմ ասած` փակուղում են, քանի որ չկան ինքնադրսևորվելու տարածքներ: Դրանից բացի, հազվադեպ իրականացվող ցուցահանդեսներով հանրությունն այնքան էլ հետաքրքրված չէ:

– Համաձայն չեմ, որովհետև տղաների` նկարիչների մեջ շատ մեծ ոգևորություն եմ տեսնում: Էստեղ շատ մեծ էներգիա կա: Բացի դա, ես օտարությունից գալիս եմ տուն ու ինչպե՞ս կարող եմ հիասթափություն ապրել: Չնայած ես կոսմոպոլիտ եմ ու ինձ ոչ մի երկրում օտար չեմ զգում: Հայ նկարիչներն իսկապես տաղանդավոր ու հետաքրքիր են, որոնք պիտի ցուցադրվեն, այլ ոչ թե փակվեն իրենց արվեստանոցներում:

Հասարակությունն իսկապես անտարբեր է: Օրինակ, վերջերս Ժամանակակից արվեստի թանգարանում Սեյրան Խաթլամաջյանի ցուցահանդեսն էր, բացարձակ անտարբերություն: Տեսնում եմ, որ ցուցահանդեսներին գալիս են միայն նկարիչները, լավագույն դեպքում` նաև մի քանի արվեստաբաններ: Չնայած պիտի նկատեմ, որ մյուս երկրներում էլ է այդպես:

Օրինակ, եթե գալերիստը ջանում է, որ գոնե 40 մարդ ներկա լինի ցուցահանդեսի բացմանը, ապա մի 4000 հրավիրատոմս է ուղարկում: Պարզապես այնտեղ պատճառն է ուրիշ` նույն ժամին կարող են շատ միջոցառումներ լինել, որի պատճառով մարդիկ չկարողանան ներկա գտնվել: Իսկապես Հայաստանում գալերեաները շատ քիչ են: Ի դեպ, Սովետական Միության ժամանակաշրջանում նույնպես գալերեաները շատ քիչ էին, նորություն չէ: Գրեթե նույն վիճակն էր: Ես չեմ նեղվում, որովհետև արդեն սովորել եմ:

– Ինչպե՞ս թե նույն վիճակն էր: Այն ժամանակ շարժումներ, ցուցահանդեսներ, ի վերջո` երրորդ հարկ կար:

– Այո, ճիշտ եք, բայց հիմա չեմ ցանկանում մեր զրույցը տեղափոխել սոցիալ-տնտեսական հարթություն, որովհետև ամեն ինչ շատ պարզ է, և խոսելն անգամ ավելորդ է: Որտեղ կա աղքատություն, չքավորություն, այնտեղ չի կարող զարգանալ արվեստ: Իզուր չեն ասում` արվեստն էլիտար է: Պարզ բան եմ ասում, բայց կտավը, ներկը արժեք են ներկայացնում իրենցից: Դաժան բան է, երբ նկարիչն ուզում է նկարել, բայց կտավի, ներկի գումար չունի: Նկարիչը նյութն է ցույց տալիս, որի մեջ ոգի է դնում:

Դրանից բացի, եթե մի երկրում չկա արվեստի շուկա, ուրեմն` նկարչի համար դժվար պայմաններ են: Մենք` որպես ժողովուրդ, աշխարհին միայն արվեստով կարող ենք հետաքրքիր լինել, քանի որ արդյունաբերությամբ չենք փայլում: Մեր երաժշտությունը, գրականությունը, կերպարվեստն իսկապես կարող է նվաճել աշխարհը:

Անշուշտ, կարող ենք ծիրան էլ ուղարկել աշխարհին, բայց ծիրանն ուտում ու մոռանում են: Հավատացեք` մենք շատ բան ունենք աշխարհին ցույց տալու, բայց չենք կարողանում մեզ ճիշտ ներկայացնել: Հայ մեծահարուստները կարող են ընկալել այն փաստը, որ արվեստի գործերի շրջանառությունը նույնպես շուկա է, և մեծ շուկա է: Նաև նշեմ, որ գալերեա ունենալը շատ քիչ է, որովհետև շատ կարևոր է արտաքին աշխարհի հետ կապեր ստեղծելը, ինչը տարիների աշխատանք է:

– Կուրատորների ինստիտուտը Հայաստանում կայացա՞ծ է:

– Ընդհանրապես կուրատորների, արվեստաբանների դերակատարումը շատ մեծ է արվեստի դաշտում, բայց վերջին մի քանի տարիներին շատ կուրատորներ իրենց դրեցին արվեստագետների տեղ: Արդյունքում` կուրատորները դարձան հայտնի, իսկ արվեստագետները մնացին ստվերում: Իրենք պետք է արվեստագետին մղեն առաջին պլան, այլ ոչ թե` իրենք իրենց: Ամբիցիաները շատ են: Էս վերջերս նման տենդենց կա` ամեն տեղ կուրատորներն են, իսկ ստեղծագործողները չկան:

– Գալերիստներից մեկը վերջերս հետաքրքիր նկատառում արեց. ըստ նրա` ՀՀՇ-ի իշխանության տարիներին ցուցահանդեսների բացման ժամանակ ամբողջ Ազգային ժողովը տեղափոխվում էր գալերեա: Մինչդեռ, ներկայումս շատ հազվադեպ կարելի է որևէ պաշտոնյայի տեսնել գալերեաներում: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս իշխանությունները ինտելեկտուալ չե՞ն, չե՞ն սիրում ժամանակակից արվեստ, թե՞ արվեստն է անհետաքրքիր դարձել:

– Չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ մեր վերնախավից շատ պաշտոնյաներ այլ երկրներ այցելությունների ժամանակ գնում են դրսի գալերեաներ, թանգարաններ: Մյուս կողմից էլ` նկարիչը ժողովրդի համար չի նկարում և ոչ էլ նկարում է ինքն իր համար: Նկարում է, որ այդ նկարը լինի աշխարհում, գոյություն ունենա նկարը:

Ես իմ մասին եմ ասում, ես չեմ սպասում, որ իմ նկարները տեսնեն, հասկանան, գնեն, որովհետև սովորել եմ, որ այդպես չի լինելու: Ես սովորել եմ, որ նկարներս չպիտի գնեն, որն ինձ հանգստություն է բերում: Ես որքան իմ սպասելիքները վռնդել եմ ինձնից, այնքան արվեստը մոտեցել է ինձ: Որքան ես մոտենում եմ արվեստին, այնքան մարդիկ ինձնից հեռանում են: Նկարը ինքնաբավ է, ինքնուրույն մի գոյ է, որի մեջ առկա են աշխարհի բոլոր այն թրթիռները, որոնք կրում են մարդիկ: Նկարն ունի իրեն հատուկ լեզու, որն իր մեջ է, ու նկար նայելը մեծ երջանկություն է: Մարդիկ քիչ են նայում նկարներին, և նկատենք, որ մեր կյանքում ողբերգությունները շատացել են:

Տեսանյութեր

Լրահոս