«Ի՞նչ է` Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել 10 հոգու սպանել»

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը հակադարձում է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին`
նկատելով, թե նպատակին հասնելու համար բոլոր ճանապարհները թույլատրելի չեն:
ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե օգոստոս ամսին ՀԱԿ քաղխորհրդում որոշում է կայացվել ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ, ինչին ՀԱԿ քաղխորհրդի տարբեր անդամներ տարբեր կերպ էին արձագանքել:

«Օգոստոս ամսին քաղխորհրդում եղել է այդպիսի որոշում, դա կոնսենսուսով է եղել, այլ կերպ նման որոշում չի էլ ընդունվում»,- ասել էր Արամ Մանուկյանը: Վերջինիս այս հայտարարությանն անմիջապես արձագանքեցին ՀԱԿ անդամ որոշ կուսակցության ղեկավարներ` պնդելով, թե նման որոշում ՀԱԿ-ում չի եղել:

Օրինակ, երեկ առավոտյան հայտարարություն էր տարածել ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչության նախագահ Ռուբեն Թորոսյանը: «ԶԼՄ-ներում տեղ գտած ՀՀՇ-ական երազանքն այն մասին, իբր ՀԱԿ-ը որոշում է ընդունել ԲՀԿ-ի հետ համագործակցության առիթով, չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, առնվազն, մեր կուսակցությունը դեռևս այս տարվա ապրիլ ամսին հանդես է եկել հայտարարությամբ ընտրական գործընթացներում ընտրախախտ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության առարկությամբ և, համաձայն ՀԱԿ-ի քաղխորհրդում ձևավորված քվեարկության «կոնսենսուսային» կարգի, հիշյալ որոշման մասին երազելն անգամ իրատեսական չէ: Ճիշտ է, ԲՀԿ ղեկավարի կապիտալի նախնական կուտակումը տեղի է ունեցել ՀՀՇ-ական իշխանության օրոք, և ցանկություն կա նրան նորից տեսնել ՀՀՇ-ի կողքին, սակայն ինչո՞ւ այս կարգի անբարո քայլերով:

Այսինքն, եթե որոշումն ընդունվել է ինչ-որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից, ապա այդպես էլ պետք է ներկայացվի, քանի որ այն որևէ առնչություն չունի ՀԱԿ քաղխորհրդի, այդ թվում` մեզ հետ: Ակնհայտ է, որ այդ գրասենյակը նույնպես սկսել է գործել ավազակաիշխանության օրենքներով, որի դեմ պայքարում մենք բացառում ենք
ՀԱԿ-ի որևէ համագործակցություն` այդ իշխանությունը կրող կամ նրան աջակցող ցանկացած կազմակերպության և անհատի հետ:

Այդ իմաստով, ԲՀԿ-ն դեռևս պետք է պատասխան տա ՀՀԿ-ի հետ համատեղ իրականացրած բոլոր ապօրինությունների համար, որոնք շարունակում են զրկանքներ պատճառել մեր հասարակությանը, այդ թվում` ընտրական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ եթե ժամանակին նույնկերպ պատասխանատվության կանչվեր ՀՀՇ-ն, ապա այսօր մենք կունենայինք իրավական և «անամպ» երկիր:

Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հայտարարում ենք` ՀՀ հասարակական կյանքում, ՀԱԿ-ի համագործակցությունն այլ կազմակերպությունների հետ պետք է հիմնված լինի օրինականության և արդարության սկզբունքների վրա և, այդ իմաստով, դեմ ենք ներկա ԲՀԿ-ի հետ նրա համագործակցությանը: Հանրահայտ է` անիրավ հիմքով օրինականություն չի ստեղծվում»,- ասված է «ՄԻ-96» կուսակցության հայտարարության մեջ:

Երեկ Ա. Մանուկյանի վերոնշյալ հայտարարությունը հերքեց նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` ասելով, թե ՀԱԿ-ի քաղխորհրդում կոնկրետ կուսակցության հետ համագործակցելու մասին որոշում չի ընդունվել: Ըստ նրա` քննարկում, որտեղ որոշում է կայացվել համագործակցել ԲՀԿ-ի հետ` չի եղել, և իրականությանը չի համապատասխանում Մանուկյանի հայտարարությունը:

ՀԱԿ քաղխորհրդի անդամ Սոս Գիմիշյանն էլ երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ քաղխորհրդում միայն խոսակցություններ են եղել: «Դժվարանում եմ դա քննարկում կոչել, որովհետև որոշում քաղխորհուրդը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին չի ընդունել: Այս հարցի շուրջ ավելի շուտ խոսակցություններ են եղել: Մենք խոսել ենք այդ համագործակցության նպատակահարմարության, իմաստի մասին: Այդ խոսակցությունները զուտ ինֆորմացիոն բնույթ են կրել:

Օրինակ, ԱԺ-ում ինչ-որ նախագծի շուրջ կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված կարող է համագործակցություն լինել, և այլն: Մի խոսքով, լուրջ քաղաքական համագործակցության խոսակցություններ կամ որոշում չի եղել»,- ասաց Ս.Գիմիշյանը:

Մեր հարցին` արդյոք այդ «խոսակցությունների» ընթացքում անդրադարձ եղե՞լ է նաև նախագահական ընտրություններում երկու կուսակցությունների համագործակցության մասին, Ս. Գիմիշյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, նման թեմա մենք չենք քննարկել: Ընդհանրապես` այդ թեմայով, թե նախագահական ընտրություններում հնարավոր է համագործակցություն լինի, չի եղել: Քաղխորհրդում ի սկզբանե այս հարցի վերաբերյալ տարաձայնություններ կային:

Եթե հիշում եք` դեռևս հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ կոնսենուս չկա: Հենց այս ժամանակ են այդ քննարկումները եղել, այն էլ` ոչ թե պաշտոնական ձևաչափով, այլ մասնավոր քննարկումների տեսքով: Դրանից հետո որևէ այլ որոշում կամ մոտեցում քաղխորհրդի կողմից ՀԱԿ-ը չի ընդունել»: Ս. Գիմիշյանի խոսքով` ՀԱԿ-ում կան մի խումբ քաղաքական ուժեր, որոնք չեն ընդունում այս համագործակցությունը, մյուսներն էլ` նպատակահարմար են համարում և դրա մեջ որևէ իմաստ են գտնում: «Այն մասը, որը դեմ է, մասնավորապես` ես, որոշել ենք պարզապես չխանգարել»,- հավելեց Ս. Գիմիշյանը:

Հարցին էլ, թե արդյո՞ք ՀԱԿ-ում առկա քաղաքական ուժերի տարաձայնություններն են պատճառը, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հարցը պաշտոնապես չի քննարկվում քաղխորհրդում, թե՞ կան այլ պատճառներ ևս, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն արդեն 15 տարի է` իշխանություն է ներկայացնում, ու չկա վստահություն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: «Ճիշտ է, ՀԱԿ տարբեր գործիչներ ինչ-որ ռևերանսներ ԲՀԿ-ի ուղղությամբ արել են, բայց ԲՀԿ-ից որևէ արձագանք, որ այդ համագործակցությունը հնարավոր է` չի եղել: Ինչի՞ց ելնելով մենք պետք է համագործակցենք ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն իշխանության մաս է ու պատասխանատու է Մարտի 1-ի համար»,- ընդգծեց նա: Ի դեպ, Արամ Մանուկյանը երեկ նաև հայտարարել էր, թե ինքը գնահատում է ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները` կոալիցիայից դուրս գալու և Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում, և ընդունում է նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձևավորելու առումով:

«Եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ և հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ: Այսօր ԲՀԿ-ն ունի 36 մանդատ: Երբ ուզում եմ Մարտի 1-ի բանաձևն անցկացնել ու նրանք կողմ են քվեարկում, ես դա համարում եմ համագործակցություն»,- ասել էր Ա. Մանուկյանը: Այս առնչությամբ Սոս Գիմիշյանն ասաց. «3-4 տարի առաջ ՀԱԿ բոլոր անդամների կողմից միտինգների ընթացքում հայտարարվում էր այն մասին, որ ԲՀԿ-ն Մարտի մեկի մեղավոր է, ու ոչ մեկի մոտ այս հարցը կասկած չէր հարուցում: Հիմա այդ ի՞նչ եղավ, ի՞նչ փոխվեց, որ ԲՀԿ-ն այլևս պատասխանատու չէ:

Եթե ես տասը տարի առաջ մարդ սպանեմ, անցնի տասը տարի, այլևս պատասխանատու չե՞մ լինի գործածս հանցանքի համար»: Նաև հիշեցրեց, որ ԲՀԿ-ն 2008թ. Մարտի 1-ին իշխանական կոալիցիայի մաս է կազմել ու կառավարության անդամներ է ունեցել: «Այդ քաղաքական որոշումը կայացրել է խորհրդարանը, գործադիր իշխանությունն էլ, որտեղ ԲՀԿ-ն նախարարներ ուներ, իրականացրել է: Էլ ինչպե՞ս ԲՀԿ-ն կապ չունի Մարտի 1-ի հետ»,- հակադարձեց Սոս Գիմիշյանը: Իսկ ինչ վերաբերում է Ա. Մանուկյանի այն գնահատականին, թե Մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել, այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի», ապա Ս. Գիմիշյանն ասաց. «Ինձ համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ու Քոչարյանն անբաժանելի մասեր են: Ի՞նչ է նշանակում` մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը:

Նա ի՞նչ է` մենա՞կ է գործել, անձա՞մբ է արել, թե՞ կառավարությունը որոշում չի ընդունել: Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է` մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել: Այսպես ո՞նց եղավ: Նա անձամբ չի կրակել, որոշում է ընդունվել, այն էլ` շատերի կողմից»: Ըստ Ս. Գիմիշյանի` Մարտի 1-ի պատասխանատվությունը ոչ միայն ԲՀԿ-ն պետք է կրի, այլև ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու Կառավարությունը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ կա քաղաքական պատասխանատվության հարց, գործի մանրամասների ամբողջական բացահայտումից հետո հնարավոր է` առաջանա նաև քրեական պատասխանատվություն: Մեր հարցին, թե հնարավո՞ր է` Արամ Մանուկյանը նման հայտարարություն արել է, որպեսզի ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար կողմ ձայներ ապահովեն, քանի որ ԲՀԿ-ն ԱԺ-ում 36 մանդատ ունի, Սոս Գիմիշյանը պատասխանեց, թե նպատակին հասնելու համար բոլոր ճանապարհները թույլատրելի չեն:

«Ես չեմ ընդունում այս ճանապարհը: Քաղաքականությունն ամեն դեպքում պետք է բարոյական լինի: Մարդասպանության կանխման, բացահայտման համար չի կարելի մարդասպան դառնալ: Անբարոյականություն թույլ տալ չի կարելի»:

Տեսանյութեր

Լրահոս