Փախուստ տնտեսական աճից
Երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է հերթական զեկույցը` տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, մեր պետական այրերից շատերը անմիջապես պեղում են դրական տվյալներն ու ճառեր կարդում դրանց վերաբերյալ։
Սակայն նույն վիճակագրությունը, ի թիվս դրական ցուցանիշների, երբեմն հընթացս հրապարակում է այնպիսի տվյալներ, որոնք հակասության մեջ են մտնում կյանքի պայմանների բարելավման մասին վկայող թվերի հետ։
Այսպես, 2009 թվականի 14.4%-անոց անկումից հետո հաջորդ տարվանից տնտեսությունը սկսեց կամաց-կամաց վերականգնվել։ 2010 թվականին արձանագրվեց 2.6% ՀՆԱ-ի աճ, 2011-ին՝ 4%-ի շրջակայքում։ Այս տարի տնտեսական աճը ևս նախատեսված էր 4%-ի սահմաններում, սակայն, եթե հավատանք իշխանություններին՝ ապա ՀՆԱ-ի աճն առաջին 9 ամիսների կտրվածքով արդեն իսկ գերազանցում է 6%-ը։
Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր է դրել` ապահովել 7%-անոց տնտեսական աճ։ Տնտեսական աճի այս ցուցանիշներին գումարվում են նաև Doing Business-ում արձանագրված թռիչքաձև աճերը։ Ոտք ենք գցում արդեն եվրոպական երկրների հետ։
Սակայն այս ամենի մեջ կա երկու սերտորեն փոխկապակցված ցուցանիշ, որոնք փչացնում են վարդագույն պատկերը։ Առաջինը` շինարարության ոլորտն է։ 2009 թվականին իսկական փլուզում ապրելով (36.4% անկում)` տնտեսության երբեմնի առաջատար այս ճյուղը ոչ մի կերպ ուշքի չի գալիս, և 2012թ. հունվար-սեպտեմբերը շինարարության համար դեռ անկումային է։
Ինչպես նախկինում առիթ ունեցել ենք նշելու, շինարարության անկումն ինչ-որ տեղ հնարավոր է ներկայացնել դրական լույսի ներքո։ Տվյալ դեպքում, մեր իշխանությունները դրան հակակշռում են արդյունաբերության ոլորտի երկնիշ աճը և դա ներկայացնում` որպես տնտեսության դիվերսիֆիկացիա։
Սակայն երկրորդ ցուցանիշի դեպքում բացատրություն գտնելն ու լավատեսական համատեքստում ներկայացնելն ավելի դժվար է։ Խոսքը վերաբերում է անշարժ գույքի գներին։
Տնտեսագիտության տեսության հետ մեծ սեր ունեցող մեր իշխանավորները մեզանից լավ գիտեն, որ անշարժ գույքի գները տնտեսական աճի, ակտիվության ամենաիրական ինդիկատորներից մեկն են։ Անշարժ գույքի գների անկումը խոսում է ճգնաժամի մասին։
Անշարժ գույքի գների վերաբերյալ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամսական կտրվածքով զեկույցներ է թողարկում։ Կադաստրի կայքում տեղակայված ամենաթարմ զեկույցը վերաբերում է այս տարվա օգոստոս ամսվան։ Ըստ ներկայացված տվյալների, 2012թ. օգոստոսին Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի միջին գինը կազմել է 260 000 դրամ։ Նախորդ տարվա օգոստոսին այդ գինը եղել է 256 600 դրամ։
Գներն աճել են 3400 դրամով կամ 1.3%-ով։ Իհարկե, նույն ժամանակահատվածում արձանագրված 6-7% տնտեսական աճի ցուցանիշի հետ համադրելի չէ, սակայն, գոնե զրոյից բարձր է։ Նշենք, սակայն, որ Երևանում անշարժ գույքի գները խիստ անհամաչափ ձևով են փոփոխվել։ Օրինակ, Կենտրոնում, Ավանում, Նուբարաշենում անշարժ գույքն էժանացել է, իսկ մյուս վարչական շրջաններում՝ թանկացել։
Արձանագրված թանկացումն ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Անշարժ գույքի 1քմ-ի գները Երևանում նույն Կադաստրի կոմիտեի տվյալներով` 2010թ. օգոստոսին
275 200 դրամ էին։ Այսինքն` տնտեսության աշխուժացմանը զուգահեռ` տեղի է ունեցել գնանկում, ինչը հակասում է տրամաբանությանը։ Ավելին, անշարժ գույքի գործակալությունների տվյալներով` գներն ավելի շատ են նվազել, քան, ինչպես պաշտոնապես հայտարարվում է։ Բրոքերները հասկանալի պատճառներով այդ մասին չեն բարձրաձայնում, քանի որ դա է՛լ ավելի կնպաստի գնանկմանը։
Անշարժ գույքի գների անկումը շինարարության ծավալների անկման ֆոնին է՛լ ավելի զարմանալի է։ Փաստորեն, վերջին 3 տարիներին շինարարությունը, ասել է թե` առաջարկը, նվազում է, սակայն պահանջարկն ու գինը բարձրանալու փոխարեն` նույնպես նվազում են։
Իսկ բարձրանալու պատճառները բազմաթիվ են (եթե հավատանք նույն պաշտոնական քարոզչությանը)` սկսած բնակչության բարեկեցության բարձրացումից մինչև հիպոթեքային վարկավորման պայմանների նկատելի բարելավում։ Ամենաաբսուրդայինն այն է, որ բնակարանի կարիք ունեցող երիտասարդների թիվն իրոք մեծ է, պարզապես նրանց համար բնակարան գնելը մատչելի չէ։
Ուրեմն ո՞րը կարող է լինել անշարժի գույքի շուկայի շարունակվող լճացման պատճառը։ Պատճառը կարելի է գտնել նույն պաշտոնական վիճակագրության մեջ։ Օրինակ՝ օրեր առաջ հրապարակված` մարդահամարի նախնական արդյունքներում։ Այնտեղ երևում էր, որ առկա բնակչության թիվն այս պահի դրությամբ կազմում է մոտավորապես 2.9 միլիոն մարդ։ Այսինքն` հարյուր-հազարավոր մարդիկ տնտեսական աճին չդիմանալով՝ հեռացել են Հայաստանից։
Ընդ որում, հեռացողների մեջ բավականին մեծ թիվ են կազմում երիտասարդները, որոնք անշարժ գույքի հիմնական գնորդներն են։ Իսկ թե ինչու են 2010 թվականից ի վեր՝ տնտեսության վերականգնմանը զուգահեռ, ավելացել արտագաղթի մասշտաբները, արդեն տնտեսության դաշտից դուրս թեմա է։
Փաստորեն, հայրենի իշխանություններն անշարժ գույքի գների անկումը բացատրելու երկու հիմնավորում ունեն։ Կամ պետք է ասեն, որ տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, ինչը հակասում է տնտեսական ցուցանիշների շուրջ տիրող էյֆորիկ տրամադրությանը։ Կամ էլ պետք է խոստովանեն, որ տնտեսական աճի պայմաններում գործ ունենք ահագնացող արտագաղթի հետ, ինչը նույնպես ցանկալի չէ։ Չնայած՝ իշխանությունները նախընտրում են երրորդ տարբերակը. այս մասին պարզապես չեն խոսում։