Հովիկ Աբրահամյանը` Սերժ Սարգսյանի շտաբի պետ
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, այսօր, քիչ առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկվել են ներկուսակցական և կազմակերպչական հարցեր:
‹‹Առաջինը ներկայացվեցին ՀՀԿ համագումարի նախապատրաստական խնդիրները: Մինչև նոյեմբերի 15-ը կավարտվեն նաև պատվիրակների ընտրությունները: Այս պահին շուրջ 40-45% պատվիրակներ արդեն ընտրվել են դեկտեմբերի 15-ի համագումարի համար: Մինչև նոյեմբերի 15-ը գրեթե բոլոր պատվիրակները կընտրվեն, և կունենանք ամբողջական պատկերը, ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 15-ի կուսակցության համագումարին, որտեղ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու››,- ասաց Է. Շարմազանովը:
2013թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը, ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով, կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Է. Շարմազանովը պատասխանեց, թե ԲՀԿ-ի հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղվեն ԲՀԿ ղեկավարին:
‹‹Ես երբեք մասնագիտացած չեմ եղել այլ կուսակցությունների փոխարեն պաշտոնական դիրքորոշումներ հայտնելու հարցով: Անկախ ցանկացած կուսակցության որոշումից` ՀՀԿ-ն իր որոշումը կայացրել է և նախագահական ընտրություններում առաջադրելու է ՀՀԿ առաջնորդին: Կարծում եմ, որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցվում, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Հիմնական ֆավորիտ թեկնածուն գործող նախագահն է: Իսկ թե ո՞ր կուսակցությունը ի՞նչ կորոշի, բացառապես տվյալ կուսակցության ներքին խնդիրներն են››,- հավելեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի տեսակետին, թե այն կառույցը, որը ստորագրել էր կոալիցիոն հուշագիրը, այլևս գոյություն չունի. ‹‹Պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն այսօր կոալիցիայի անդամ չէ: Խոսքը հուշագրի մասին չէ, լրիվ այլ բանի մասին է, և պետք չէ խեղաթյուրել իմ ասածները: Ես ասում եմ, որ բացի այն պաշտոնական տեսակետից, որ 2013 թվականին ԲՀԿ-ն պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլ պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն ԲՀԿ-ի կողմից չկա››:
168.am-ի հարցերին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կցանկանար, որ ԲՀԿ-ն սատարեր գործող նախագահին, և արդյո՞ք կուսակցության մեծամասնությունը կիսում է Հովիկ Աբրահամյանի կարծիքը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ն այլ կուսակցությունների սատարման կամ առաջադրման հարցեր չի քննարկել: