Բաժիններ՝

ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր կարողությունը` 138 միլիոն դոլար

Օրերս վերագործարկված parliamentmonitoring.am կայքում առանձին-առանձին ներկայացված են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Այդ տվյալներն ամփոփելով՝  մոտավորապես հաշվել ենք պատգամավորների ունեցվածքը։ Իհարկե, իրենց իսկ ներկայացրած տվյալների հիման վրա։

Նշենք, որ հայտարարագրերը լրացված են 03.03.2012թ. դրությամբ։ Մենք վերցրել ենք միայն դրամական միջոցների մնացորդը այդ պահի դրությամբ՝ առանց անշարժ և շարժական գույքի, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի։ Ցանկում հաշվի չեն առնվել ԱԺ արդեն նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Բալասանյանի դրամական միջոցները։

Եվ այսպես, ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել են 14.9 միլիարդ դրամ, 70 միլիոն դոլար և  23.7 միլիոն եվրո։ Դոլարային արտահայտությամբ ընդհանուր մեծությունն ավելի քան 138 միլիոն դոլար է։ Այսինքն՝ յուրաքանչյուր պատգամավորի միջին կարողությունը 1 միլիոն դոլարից քիչ ավելի է։

Սակայն բևեռացումը զգացվում է նաև ԱԺ-ում. Մարդիկ կան, որ մի քանի միլիոն դոլար ունեն, ոմանք էլ՝ ոչ մի կոպեկ չեն հայտարարագրել։

Համեմատությունը հնարավոր դարձնելու համար մենք պատգամավորների եկամուտները տարբեր արժույթներով ներկայացրել ենք մեկ ընդհանուր՝ դոլարային տեսքով։

Եվ ստացվել է, որ ԱԺ-ում  ունենք ուղիղ 20 միլիոնատեր (դոլարով) պատգամավոր։

Առաջին տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է՝ ում հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 60 միլիոն դոլար (1 միլիարդ 161 միլիոն դրամ, 30 միլիոն 730 հազար դոլար և 20 միլիոն 483 հազար եվրո)։

Ցանկի երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է՝ 10.3 միլիոն դոլարի դրամական միջոցներով։

Երրորդ տեղում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է (9 միլիոն դոլար)։ Գուրգեն Արսենյանը 4-րդ տեղում է՝ 6.369 միլիոն դոլարով։ Առաջին հնգյակը եզրափակում է մեկ այլ ԲՀԿ-ական՝ Գրիգորի Մարգարյանը՝ 5.950 միլիոն դոլար։

Միլիոնատեր պատգամավորների ամբողջական և մանրամասն ցանկին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։ Բացի այդ, կարող եք տեսնել զրոյական միջոցներ ունեցող պատգամավորների ցուցակը և խմբակցությունների համեմատական վերլուծությունները՝ ըստ նրանցում ընդգրկված պատգամավորների հարստության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս