Հայտնի են իրավախախտ ընկերությունները
Նոյեմբերի 2-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են մարզերում իրականացված ստուգումների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը վարույթները հարուցվել են հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով:
Դիտանցումների ընթացքում հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն: Տնտեսվարողների նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Իրավախախտ ընկերություններն են «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` վարույթում գտնվող ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, գործում են արտադրական փոքր ծավալներով և որպես իրավախախտ ընկերություն հանձնաժողովի տեսադաշտում են առաջին անգամ: Նկատի ունենալով այս հանգամանքերը և նաև այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա որոշվել է օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զգուշացրել է, որ նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի: