«Բժշկական մաֆիան չափազանց ուժեղ է այս երկրում, որպեսզի կարողանանք իրենց պատասխանատվության կանչել»

Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի հայցը «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի դեմ: Նունե Մաղաքյանը պահանջում էր առողջությանը հասցված վնասի համար փոխհատուցել 235.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, աշխատավարձի վճարում` ամսական 145.000 դրամի չափով:

Մինչ դատական նիստը Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը, 168.am-ի հետ զրուցում նշեց, որ իրենք ոչ մի սպասելիք չունեն դատարանից: Նրա հաղորդմամբ`կինն իրեն համեմատաբար լավ է զգում, բայց անընդհատ ցավեր ունի:

Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ենթադրվում էր, որ դատարանը կմերժեր իրենց բողոքը: «Բժշկական մաֆիան չափազանց ուժեղ է այս երկրում, որպեսզի կարողանանք իրենց պատասխանատվության կանչել այս պահին, և մենք հայցը ներկայացնելիս մեկ տարի առաջ շատ լավ գիտակցում էինք և՛ իմ վստահորդը, և՛ ես:

Դրա մասին զգուշացրել էի, որ շանս գրեթե չունենք Հայաստանում: Կուղարկենք վճռաբեկ, վերաքննիչ, այնուհետև կդիմենք Եվրոպական դատարան: Մեր ճանապարհը հենց սկզբից դա էր եղել, որ ակնկալիք չունեիք: Ցավոք սրտի, սա այն վիճակն է, որ այսօր ունենք այս հարցում»:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի կողմից ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության:

Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու, հեռացրել է կնոջ արգանդն՝ իր հավելումներով:

Բացի այդ, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ ավարտելով վիրահատությունը` Օկոևը թույլ է տվել բժշկական կոպիտ սխալ՝ վիրահատելուց հետո կարելով  հիվանդի միզածորանը:  Դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է: Հետագայում նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:  Այնուհետև Նունե Մաղաքյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ  ենթարկվել է ևս երեք վիրահատության:

 

Տեսանյութեր

Լրահոս